հիանալի է. վաղը մենք արդէն այդ լեռների վրայ կը լինենք:
Բայց պէտք էր ամբողջ օրը քայլել հասնելու համար այդ լեռներին, որոնց կատարի մութ անտառները երկինքին էին դիպչում և որտեղ մի քաղաքի չափ խոշոր քարեր կային: Ո՜րչափ պիտի քայլէին, կտրել անցնելու համար այդ երկար ճանապարհը։ Այս պատճառով էլ ժան և իր ընկերը մտան մի պանդոկ: Պէտք էր հանգստանալ և հետևեալ օրուայ համար ոյժ հաւաքել:
Պանդոկի մեծ սրահում ահագին բազմութիւն կար։ Մի մարդ խամաճիկներ էր խաղացնում: Նա դեռ նոր էր հաստատել իր փոքրիկ թատրոնը. հանդիսատեսները նրա շուրջը բոլորակ էին կազմել։ Առաջին կարգում, լաւագոյն տեղը գրաւել էր մի ծեր, չաղ մսագործ, որին ընկերանում էր նրա ցլաշունը՝ բուլդօկը: Ո՜ւֆ, կատաղի անասունը. ի՜նչպէս նա դիտում էր իր մեծ աչքերով։
Խաղն սկսեց: Գեղեցիկ էր. ոսկեայ թագ դրած և տտունաւոր երկար պատմուճաններ հագած՝ մի թագաւոր և մի թագուհի բազմել էին հոյակապ գահի վրայ.