Jump to content

Էջ:Անի.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս խոր ձորի հատակից նա խլել է արևմուտքի մարող բոլոր լույսերը, ոչինչ չէ տվել իր ափերին և արծաթելով իք ոլորուն մեջքը, ինչպե՜ս է փայլում իր սև կիրճի մեջ: Մի աներևակայելի քնքուշ, շոյող փայլ է դա, որի մեջ դուք նկատում եք անհանգիստ ալիքների դողդողոցը: Լուռ ու անշարժ բնությունը կարծես ամբողջովին ուշադրություն է դարձել և շնչասպառ նայում է ձորի հատակին:

Խոշոր, ահավոր գծեր չկան այդ տեսարանի մեջ: Հոռո մասի ձորը այս կողմում ոչ անչափ վայրենի է որ ճնշե վախեցնե երևակայությունը, ոչ էլ շատ փոքր է որ ոչինչ տպավորություն չթողնե: Չափավոր է բնության թափը: Եվ այստեղ նա իր այս ջրային տեսարանով մի խաղաղ, երազուն տրամադրություն է հաղորդում մարդու մտքին այս թանձր ստվերների, այս շողշողացող ալիքների աշխարհում որքա՜ն սիրուն հանդարտությամբ է գործում երևակայությունը, որքա՜ն մեղմ քազցրություն և լիառատ վայելչություն է ստանում զգացմունքը:

Մեր նախնիները սրբություններ ստեղծում էին խորհրդակցելով բնության հետ: Կրոն, սրբություն չէր միայն պաշտվում նրանց շինած վանքերի մեջ այլև հայրենի բնությունը: Միտքն ու սիրտը դեպի երկինք տանում են ոչ միայն սաղմոսները խունկը պատարազը, այլև այն տեսարանները, որոնց ընտրելու և նրանց վանքերին կպցնելու մեջ մեր նախնիները կատարյալ վարպետներ էին: Հռոմոսը իբրև հռչակված սրբավայր ընտրել տվողը երկնքի ձայնը չէ եղել, այլ երկու մատուռները, որոնք լուռ մեզ են նայում կիսամթության միջից:

Նրանք գտնվում են մի փոքրիկ թումբի վրա, այնտեղ, ուր Ախուրյանը թեքվում է դեպի արևմուտք: Մեր փոքրիկ ճանապարհը, ցածրանալով որքան կարող էր տանում է դեպի այդ թումբը բոլորովին գետի ափով: Ահա նա անցավ մի ինչ որ կամրջանման քարքարուտի վրայով ներքևում վշշտալով Ախուրյանի մեջ է թափվում մի գետակ քարից քար պետք է ցատկել զգուշությամբ թե չէ՝ կարող եք ընկնել դեպի ցած, ուր Ախուրյանի ջրերն են վազում, իսկ այդ ջրերի