Էջ:Անի.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նկարազարդ են ոչ միայն պատերը այլև առաստաղը, գմբեթի մեջը: Ավետարանի տեսարաններն են ներկայացնում այդ նկարները: Մեր ընկերներից մեկը ուշադրություն դարձրեց, որ պատկերների դեմքերը քերված են՝ մի տեղ Քրիստոսի աչքերը փորված են: Քրիստոնեության թշնամիների մահմեդական ամբոխի շահատակության նշաններ են: Մցխեթի վրաց հռչակավոր տաճարի մեջ էլ ես տեսել էի այդ բարբարոսական գործերը:

Նկարները հույն վարպետների գործեր են այդ ցույց է տալիս մանավանդ այն հանգամանքը, որ պատկերների բովանդակությունը հունարեն լեզվով է գրված: Պատահում են և վրացերեն արձանագրություններ: Հունական և վրացական գրերը առիթ են տվել օտար այցելուներին կարծելու, թե Ս. Լուսավորիչը հունական եկեղեցի է եղել: Բայց անգիտությունից առաջացած այդ կարծիքը ջրում է եկեղեցու պատի վրա փորագրած երկար ու ընդարձակ հայերեն արձանագրությունը, որ մեջ պատմված է եկեղեցու հիմնադրությունը, այնպիսի մանրամասնություններով, որոնք չեն հանդիպում ոչ մի տեղ: Շիրակի գավառում արձանագրությունն ասում է, որ Ս. Լուսավորիչը կառուցել է այս կողմերի եկեղեցիների առատաձեռն բարերար Հոնենց Տիգրանը: Այս մարդու արձանագրությունները քանդակված են համարյա բոլոր նշանավոր եկեղեցիների վրա: Նրան տեսնում ենք Հոռոմոսի վանքում, Անիի Մայր եկեղեցու վրա՝ Խծկոնքի վանքում: Եվ ամեն տեղ նա վերանորոգող է, մեծ նվերներ է տալիս: Բայց այն, ինչ նա տվել է այս Ս. Լուսավորչին, բավական է հասկացնելու համար, թե ինչ ահագին հարստությունների տեր է նա:

Հոնենց Տիգրանը պատկանում է Անիի ուրիշ շրջանին և նրա եկեղեցին, որքան մինչև այժմ հայտնի է, ամենից կրտսերն է Անիում:

Աչքի ընկնող հանգամանք է, որ Անիի այն եկեղեցիները, որոնք մնացել են մինչև մեր օրերը և ունեն արձանագրություններ, շինված են Բագրատունի թագավորների