Jump to content

Էջ:Անի.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի՞թե մեզ համար երբեք գոյություն չէ ունեցել ինքնապաշտպանության անհրաժեշտությունը։ Պատերազմը միշտ կախված էր մեր երկրի վրա նա տրորեց, տակնուվրա արավ ամեն ինչ։ Եվ մի թե այդ դարավոր իրականության մեջ մենք երբեք չսովորեցինք պատերազմի արվեստը։ Աղոթում էինք, ճիշտ է շատ էինք աղոթում չափազանց էինք աղոթում, լաց լինում, երկինք կանչում նույնիսկ այն ժամանակ, երբ երկինքը չէր լսում։ Բայց հո եկեղեցում, վանքում չէինք ապրում, հո մեզանում էլ մարդիկ կային, որոնք կռվում էին, հարձակվում էին, պաշտպանվում։

Ուր են նրանք։ Նրանց հիշատակները։

Մեր լեռնաստաններում օրինակ՝ Ղարաբաղում, ման եկողը փոքրիշատե կարողություն ունի այդ հարցը բավարար կերպով լուծելու։ Մնացել են բերդեր, ամրություններ։ Բայց ես նրանցից երբեք այն տպավորությունը չեմ ստացել, թե աչքիս առջև ունեմ մեր նախնիների ռազմական ընդունակության կատարյալ արտահայտությունը։ Այդ լեռնային ամրությունները ճիշտ է շատ են ազդում, շատ են ճնշող իրանց տեսքով։ Բայց մարդը այդ հանգամանքի մեջ շատ քիչ գործ ունի։ Նա միայն ընտրել է, նա միայն օգտվել է, իմացել։ Ամպերի մեջ կորած մի լեռնագագաթ խորխորատների վրա լցված մի ահագին ժայռ, որ միայն մի կողմից ունի փոքրիշատե մատչելի կողմեր, մի խոսքով այն ինչ լեռնային լեզվով կոչվում է «արծվի բույն»-ահա ինչեր է տվել բնությունը լեռնցուն։ Դրանք շատ փոքրիկ բաներ են և դրանց միանգամայն անմատչելի դարձնելու համար հարկավոր չէ եղել արվեստ ռազմագիտական նրբություն։ Բնությունը ամենից շատ բանն է արել, մարդը լրացրել է պակասը մի հատ պատ քաշելով, որի վրա աշխատանք իհարկե շատ է թափել, բայց որ գլուխ է բերվել մի հասարակ արհեստավորի ձեռքով։ Այդ պատերը հաճախ հանդգնություն են ցույց տալիս, ոլորվելով այնպիսի տեղերում ուր մարդու մոտ իսկապես չպիտի կարողանար կոխել, բայց խնդիրը ոչ հանդգնությունն է ոչ պատը։