Jump to content

Էջ:Անի.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինքնապաշտպանության գործը սաստիկ դժվարանում է դաշտային տեղերում ուր բնությունը արդեն պաշտպանվողի կողմը չէ այլ նրա թշնամու, հարձակվողի կողմը։ Այստեղ արդեն մարդկային հնարագիտությունն է դուրս գալիս մատնող բնության դեմ, իր խելքով, իր ձեռքերով է իր համար պահապան ամրություններ կանգնեցնում, որոնք և ցույց են տալիս թե շինողը որքան մտածել է իմացել, որքան բաներ է նախատեսել և որ աստիճան հանճարեղ է եղել տեղի դիրքերը հասկանալու, բոլոր պատահականությունները նախատեսելու մեջ։ Այսպիսի տեղերում է կատարյալ թափով արտահայտվում ռազմական արվեստը երկրի գլխավորի տաղանդը։

Եթե Ախուրյանը կամեցած լիներ իր խորխորատները փորել Անիի շուրջը մի մեծ կիսաբոլորակի ձևով կամ թե Գլիձորը փոխանակ կարճ և ուղղաձիգ լինելու՝ մի խոր ու ժայռոտ անդունդ տարած լիներ Անիի հյուսիս արևելյան կողմով էլ այն ժամանակ տնեցին գուցե բավականանար փոքրիկ պաշտպանողական միջոցներով, նա կբավականանար իրան շրջապատող ձորերի թույլ տեղերը ամրացնելով և ապահով կնստեր իր տանը։ Բայց Անին կիսով չափ դաշտային բերդ է։ Եվ դաշտի կողմից էլ նա ընդունել է այդպիսի բերդի կերպարանք։

Միայն Անին է այն բերդը որ այսօր կարող է լիուլի հասկացողություն տալ, թե միջնադարյան հայը ինչպես էր կարողանում իր ստացվածքը պաշտպանել դաշտի վրա։ Ես չգիտեմ մի ուրիշ տեղ ութ եկեղեցիների չափ գեղեցիկ և նրանցից էլ ավելի վեհ լինի ժողովրդական կյանքի քաղաքական կողմի արտահայտությունը։ Աղոթողների կողքին բարձրանում էին զինվորության հուշարձանները։ Չքնաղ եկեղեցուց մինչև ահեղ պարիսպները մի քանի քայլ տարածություն է։ Տեսնում եք, որ այստեղ արտահայտված են մարդկային կյանքի հակադրությունները մի զարմանալի պարզությամբ։ Մայր եկեղեցու Ս. Փրկչի քնքույշ կամարների տակ սիրտը պիտի փափկանար վերանար աշխարհից՝ այսպես են կամեցել ճարտարապետները։ Բայց նույն