Էջ:Անի.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի մի աղոտ առաջնորդ դառնա մեզ համար՝ «Ստորերկրյա Անիի» նշանակությունը հասկանալու համար:

Այստեղ էլ ես կրկնում եմ ինչպես դեռ էլ առիթ պիտի ունենամ կրկնելու այն, ինչ ասել եմ Անիի պատերազմական նշանակության մասին։ Երբ այցելուն ամփոփվում է այդ նշանակությունը ըմբռնելու մտքի մեջ, նա չի կարող չհիանալ տեսնելով, թե որքան խնամք ու ուշադրություն, որքան ճարտարություն, կանխատեսություն է թափված՝ այս բերդին ամեն կողմից պաշտպանողական հզոր միջոցներ հաթայթելու համար: Ավերակների երկար տարածության վրա, կրկնում եմ, միայն քրիստոնյայի աստծո խորտակված պաշտամունքը չի ողբում, նրանից ավելի խոսում է այս լուռ վայրերում ջարդված, կոտրատված հուժկու ռազմական պաշտպանողական հանճարը: Դուք տեսնում եք, որ մի սուր աչք տեսել է ամեն ինչ, որոշել է այն տեղերը, ուր մայրաքաղաքը կարող էր հարվածներ ընդունել, և դրել է այդ տեղերում հակահարվածների ամուր պատվանդաններ։

Ստորերկրյա մութ, խորհրդավոր սարսափ ազդող փորվածքներն էլ հարկավոր են եղել Անին այնքան սիրուն կերպով պաշտպանության դիրքի մեջ դնող հանճարին: Գոնե ինձ համար ամենահավանական ենթադրությունն այս է: Իհարկե ոչ ես, ոչ էլ մի ուրիշը չենք կարող ամենաճիշտ հավանականությանը մոտեցած լինել, քանի որ ձեռքի տակ ունենք երկու ականատեսների նկարագրությունները:

Դրանք շատ անբավարար են: Մի ստորերկրյա աշխարհ ճանաչելու համար թվական չեն երկու պատահական այցելուները, որոնք ահ ու երկյուղով բռնված մի կարճ ժամանակ եղել են փորվածքների մեջ: Պետք է հանգիստ մանրամասն ուսումնասիրություն, պետք է ոչ թե լուցկիների լույս այլ գիտության և լուսաբանության պայծառ ջահեր մտցնել այս տեղերը:

Դա դեռ ապագայի գործ է: Անին կարգին չէ ուսումնասիրված, լուսաբանված չէ իր ավերակային կյանքի բոլոր, բոլոր դիրքերից:

Պետք է հուսալ, որ կգա այդ օրն էլ: Եվ այն ժամանակ