Էջ:Անի.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատմագիրներն են անվանում ամիրապետը, մյուսը` նրա փոխանորդը, որ կառավարում էր երկիրը:

Մեր պատմությունը բազմաթիվ արյունոտ փաստերով ցույց է տալիս, որ բարի ու մեղմ ոստիկանների թիվը շատ քիչ է եղել, շատ աննշան: Ահագին մեծամասնությունը բաղկացած էր դաժան արյունարբու մարդկանցից: Ոստիկանները հենց առաջին քայլից, VIII դարի սկզբից, իրենց բարբարոսական ջանքերը դարձնում են հայ նախարարների դեմ: Դա մի վերին աստիճանի նենգավոր քաղաքականություն էր: Խալիֆների արքունիքը շատ լավ հասկացել էր, որ Հայաստանի դիմադրական ուժը այդ բազմաթիվ խոշոր ու մանր իշխաններն են: Թեև նրանք մի համախմբված միաձույլ ուժ չեն ներկայացնում, թեև նրանց շահերն ու ձգտումները չափազանց շատ են ընդհարվում իրար հետ, բայց և այդպես, խորին հնությունից նվիրագործված կարգերով այդ իշխաններն են ժողովրդի առաջնորդները, երկրի զինվորության ներկայացուցիչները: Դարավոր անցյալըցույց էր տվել, որ ժողովրդի համար այնքան մեծ նշանակություն չուներ, թե ով է երկրի գլխավոր տերը- պարսիկկը, հռոմայեցին, թե Արշակունի թագավորը: Նա ուներ իր տեղական ինքնագլուխ իշխաններին, որոնց մեջ էլ տեսնում էր այն սկզբունքը, որ նրա պարտավորությունների և իրավունքների աղբյուրն էր: Ահա այդ նախարարական մեծ դասակարգը, որ կանգնած էր երկրի բարձրագույն տիրոջ և ժողովրդի մեջտեղը, վերացնել, ոչնչացնել էր կամենում արաբական արքունիքը: Ոչնչացնել՝ կնկշանակեր զրկել երկիրը իր մանր-մունր ինքնավարություններից, անմիջապես հպատակեցնել նրան տիրողին առանց մեծ վտանգ զգալու, թե զենքի ուժ կգործադրվի հպատակության դրությունից ազատություն գտնելու համար:

Դեռ նոր էին արաբները իրանց տիրապետությունը հաստատել Հայաստանում, երվ Վարդանակերտի կռիվը հաստատեց, թե ինչ հաղթություններ կարող է տանել միաբանված նախարարությունը: Արաբացի ոստիկանները սկսեցին գործել: Մի կողմից՝ նրանք ճնշում էին ժողովուրդը, կեղեքում էին նրան, մյուս կողմիցէ օգուտ էին քաղում յուրաքանչյուր առիթից, յուրաքանչյուր պատրվակից՝ նախարարների դասակարգը