Էջ:Անի.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմնված երկրի բաժանման վրա: Հովհաննես Սմբատը թագավորում է Անիում, իսկ Աշոտը-դրսի աշխարհում: Ֆեոդալականությունը վերջիվերջո քաղաքի թագավորություն էր մտցնում Հայաստանի մեջ մի թագավոր, որին պատկանում էր մի հատ քաղաք իր շրջակայքով: Սակայն դա ժամանակավոր դրություն պիտի լիներ, որոշված էր, որ Հովհաննես Սմբատի մահից հետո Անիի ամբողջ թագավորությունը պիտի անցներ Աշոտին:

Եվ այդ տխուր ժամանակներում սելջուկյան վտանգը ցույց տվեց իր ահավոր դեմքը Անիի վախկոտ թագավորին: Նա դեռ նվաճումներ չէր անում, այս կողմերում հայտնվեց Շիրակի սահմանակից մի գավառում, ապա դարձրեց իր արշավանքը դեպի Վասպուրական Միջագետք։ Բայց եղածն էլ բավական էր մի Հովհաննես Սմբատի համար: Դժբախտաբար, արևմտյան վտանգն էլ զինված երևան եկավ Շիշակի սահմանների մոտ: Վասիլ կայսրը արշավում էր դեպի Վրաստան: Վախեցած Սմբատը, ինչպես գիտենք, շտապեց իր չաղ մարմնի համար հանգստություն ապահովել, Անին նվիրելով կայսրին:

Այս կերպարանքով է հասել մեզ պատմական դառն կաղությունը: Բայց մենք չպիտի կարծենք, թե այսքան հեշտ կերպով կարող էր կատարվել այդ ստոր վաճառքը, առանց հույների մասնակցության և գիտության: Մի թագավոր, որքան էլ նա Հովհաննես Սմբատ լիներ, չէր կարող սյդպիսի գործ կատարել առանց երկար պատրաստության, առանց ճնշումների: Կար նրա համար էլ զսպանակ՝ կրոնասիրությունը, որ այնքան հիշատակներ է թողել Հոռոմոսում: Եթե պետական գաղափար չկար, պետք է լիներ կրոնասեր մարդու երկյուղը հոգու պատասխանատվության մասին: Ո՛չ, Անիի վաճառքը միայն թագավորի վախկոտության հետևանքը չէր կարող լինել: Այդ վախկոտությունը այն պարարտ հողն էր, որի վրա գործել սկսեցին բյուգանդական ոսկիները, միացած հայ ֆեոդալների արարքների հետ:

Հունամոլության ամենածայրահեղ մի ներկայացուցիչ մեծ ազդեցություն և նշանակություն ուներ Հովհաննես Սմբատի արքունիքում: Դա Վեստ Սարգիսն էր: