Էջ:Անի.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագավորին անձնատուր լինելն է։ Առանց եկեղեցու աջակցության, նա հազիվ թե կարողանար գլուխ բերել բյուրոկրատական ճարպիկությամբ հյուսած ինտրիգը։ Եվ նրա աջակիցը հանդիսացավ ժամանակի Հայոց կաթողիկոսը, Պետրոսը, որ մեծ հարստություններ ուներ, բայց դարձյալ ընչաքաղց էր, մանավանդ փառամոլ։

Եկեղեցու պետի հաճությունը բոլորովին թուլացրած պիտի լինի Հովհաննես Սմբատին։ Փառավոր կաթողիկոսը ոչ միայն չընդդիմացավ Անին նվիրելու և Շիրակի թագավորության վերջ դնելու մտքին, այլև ինքը իր ձեռքով տարավ այդ թուղթը, հանձնեց Վասիլ կայսրին հունական բանակում, հասկանալի է, բայց գրկով պիտի ընդունեին այդ վեհափառ դեսպանին, չէ՞ որ թագավորությունը դնելուց հետո հերթը պիտի գար եկեղեցուն։ Կայսրը շատ շողոքորթեց Պետրոսի փառասիրությանը անձամբ ներկա գտնվելով ջրօրհնեքի արարողությանը։ Նա նույնիսկ դեմ էլ չէր, որ տարածվի այն առասպելը, թե երբ Պետրոսը հայոց մեռոնը կաթեցրեց գետի մեջ, գետը կանգ առավ։ Այսպիսով, այնքան մի անպատիվ պատվիրակություն կատարած Հայոց կաթողիկոսը դեռ վարձատրվեց պատմության մեջ «Գետադարձ» տիտղոսով, որ հրաշագործ սրբություն է ցույց տալիս։

Ահա ինչ հանգամանքների մեջ կատարվեց քաղաքական զզվելի դավադրությունը։ Նա պատրաստվում էր վաղուց, նա հայկական իրականության սիստեմի հետևանքն էր։ Եվ զարգացավ խոսքից իրողություն դարձավ էլի նույն գործոնների, նույն հանգամանքների ստիպմամբ։

Ապօրեն թուղթը դեռ չէր նշանակում, թե ամեն ինչ վերջացած է։ Դեռ հեշտ կարելի էր իրավունքներ պաշտպանել, կործանման առաջն առնել։ Բայց բյուզանդականությունը Հայոց արքունիքում Վեստ Սարգսի պես մի ստրուկ ուներ և նրա միջոցով էլ պայքար սկսեց Անիի մեջ։

Հովհաննես-Սմբատն ու Աշոտը համարյա միաժամանակ մեռան։ Տերության խնամակալը ասում էր, որ Անին կայսրի կալվածն է արդեն։ Բայց հայությունը դեռ այն աստիճան անպատիվ անկման չէր հասել, որ լուռ հպատակվեր Վեստ Սարգսին։ Հունամոլ կուսակցության դեմ դուրս եկավ