Էջ:Անի.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ Անիին մատ դիպցնող չի լինի։ Բոլոր դավակիցները պատրաստ էին երդվել, հաստատ թուղթ տալ, որ իրանք կպահեն, կպահպանեն ամեն ինչ և նրան կտան, վերադառնալուց հետո: Գագիկը պինդ էր պահում իրան, բայց թուլացավ, երբ տեսավ այդպես ասողների շարքում գետ կանգնեցնող Պետրոս կաթողիկոսին: Նա այդ շրջապատողների պես փչացած մարդ չէր իբրև ազնիվ մարդ, իբրև պատվավոր երիտասարդ, վերջապես իբրև քրիստոնյա հավատացող նա իրավունք չհամարեց չհավատալ և եկեղեցուն չհավատալ այն խաչին ու ավետարանին, որոնք կաթողիկոսի ձեռքումն էին և որոնց վրա երդվում էին այդքան մարդիկ: Կրոնը ազդեց, կրոնը թուլացրեց, որովհետև ով կարող էր ասել, թե կրոնը մի ամենազզվելի ոճիր պիտի հովանավորեր:

Գագիկը, վերջապես, զիջեց, բայց դարձյալ զգուշություններով, վերապահումներով նախ և առաջ պահանջեց, որ կաթողիկոսը լինի քաղաքի տերը և պատասխանատուն, մինչև իր վերադարձը: Գետադարձը հանձն առավ այդ: Ապա նա իր հավատարիմ զորավարներից մեկին նշանակեց Անիի բերդապահ և բավականաչափ զորք դրեց նրա տրամադրության տակ: Այդ կողմից էլ ապահովվելով, նա ընդունեց դավադիրների երդմնաթուղթը:

Ամեն ինչ վերջացավ…

Եղե՞լ է մի ուրիշ անեցի, որ այնպես դուրս եկած լինի իր մայրաքաղաքի դռներից, այնքան -վառ սիրով լցված դեպի այդ գեղեցիկ տեղը, այնքան նուրբ ու զզվելի կերպով խաբված տարակուսանքների, ծանր մտածությունների մեջ միայն մի անդամ մարդկային խղճին և նրա պաշտամունքին հավատացած… Եղել է մի ուրիշը, որ այնպես տաներ իր հետ մի ծաղկած քաղաքի մի ամբողջ երկրի բախտը, ինչպես այն երիտասարդր, որ - ենթադրում եմ,- իր անդառնալի ճանապարհը դեպի արևմուտք սկսեց մայրաքաղաքի արևմտյան կողմից, հուսատու մնաս բարով ասեց Ծաղկացաձորին և նրա վրա գցված հուժկու պարիսպներին ու կամաց-կամաց անհետացավ հորիզոնից, անցնելով Ալաջայի ետևը:

Դավադրությունը, վերջապես, հաղթանակ էր տոնում: