Էջ:Անի.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև նա գիտուն էր, գրող ու թարգմանիչ էր, աստվածաբան էր, նույնիսկ թոնդրակեցի աղանդավորներին անխնա հալածել ու կոտորել է հանուն ուղղափառ քրիստոնեության։ Էլ ի՞նչ է հարկավոր հոգևորական հեղինակներին հիացնելու համար։

Իսկ մենակ մնացած, դավով շրջապատված Բագրատունի հերոսը։ Նրա բողոքները գնացին հետզհետե մարելու ոչնչանալու հեռավոր, խորթ աշխարհի անտարբերության մեջ։

Բայց նրան սպասող ժողովուրդ կար։ Տեսան, որ Գագիկը գնաց, ուզում էին, որ նա վերադառնա։ Դավադրությունը ծածուկ էր գործել, ծածուկ էր հաղթանակել։ Եվ ահա Անին տեսնում է, որ իր թագավորի փոխարեն հունական զորքն է մոտենում իր պարիսպներին։ Նա վրդովվում է։ Ապիրատ զորավարը, որ բերդապահ էր թողնված, Գետադարձից ավելի սուրբ էր պահում իրեն հանձնված ավանդը։ Նա հայտարարեց, որ մայրաքաղաքը կհանձնեն միայն նրա օրինավոր տիրոջ և քաջարի հարձակումով ցրեց հունաց բանակը։ Մի անգամ էլ կենդանի փաստով ապացուցվեց, որ քաջությունը չէր գալիս տիրելու այս քաղաքին, այլ ոճիրը։

Հանկարծ քաղաքին իբրև սոսկալի ճշմարտություն հայտնի է դառնում, որ Գագիկը այլևս չպիտի վերադառնա երբեք։ Հունական խարդախության դեմ գրգռված անեցիները մտածում են հարևան օտար տիրողներից մեկին կանչել և մայրաքաղաքը նրան հանձնել։ Մտածում են վրաց աբխազների թագավորների մասին, որոնք բարեկամություն ունեին Բագրատունիների հետ մտածում են նույնիսկ Դվինի մահմեդական իշխողի մասին, որ նույնպես խնամիությամբ կապված էր այդ տոհմի հետ։ Բայց ոչ ոք չէր մտածում, որ այդ միջոցին երկու քայլի վրա, Կարսում նստած է հարազատ Բագրատունի թագավորը, նույնպես Գագիկ անունով։ Բերել նրան, նորից միացնել Բագրատունյաց ճեղքված թագավորությունը, նորից մեծացնել ուժը, բախտը փորձել՝ ոչ ոք այդ մասին չէր մտածում։ Ինչու՞։ Արդյոք Կարսի Բագրատունիները Դվինի էմիրից էլ հեռու էին տնեցիներից, թե՞ կատաղի թշնամությունը Բազրատունյաց հարազատ տոհմի դեմ թույլ չէր տալիս նրանց անունը տալ։