Էջ:Անի.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են հիշեցնում 25—26 տարի առաջ տեղի ունեցած ահավոր դեպքերը, արյունահեղությունները: Քանի-քանի անգամ այս հին հացաշատ, հռչակված դաշտային աշխարհում կրկնվել է այս երևույթը: Ո՞վ կարող է հաշվել ոչ ոք, ոչ նույնիսկ պատմությունը: Նա նույնիսկ չի ասի ձեզ, թե ինչ ազգեր են այստեղ իրար հանդիպել զինված, իրար կոտորելու անհագ տենչով վառված: Քանիսնե՜րը կանչել են «վա՜յ հաղթվածին» և քանի անգամ: Թիվ ու համար չեն պահում այս արյունոտ բարձրությունները, իսկ սերունդները, ինչպես այժմյանը, միայն իրանց տեսածը, իրանց ժամանակ եղածն են հիշողության մեջ պահել ու հետները գերեզման տարել:

Երևի այդ տեսակ մի անհիշատակ աղետի միջոցին էլ հողի երեսից ջնջվել է մեր այս Մավրիկապոլիսը, նրան չեն հիշում մեր պատմագիրները Բագրատունյաց թագավորության ծաղկած ժամանակ: Բայց մենք պետք է հիշենք, որ սա առաջին Իջևանն էր ճոխ ու փարթամ Անիից և այսպիսի մի գեղեցիկ տեղը չէր կարող անշուք ու ավերակ մնալ հարուստ մայրաքաղաքի մոտ: Ո՞վ գիտե ինչ կյանք էր տիրում այն ժամանակ այս սիրուն գետակի ափերում, ուր այնքան սքանչելի, թարմ են կանաչները, և ծաղիկները շատ:

Անին, անկասկած, երջանկացնում էր իր շրջակաները: Իսկ ա՞յժմ: Այժմ նա կարոտ է ու դժբախտ, բայց և այդպես էլի լավություն է անում շրջակայքի ժողովրդին: Ոչ միայն Մավրակը, այլև Շիրակի շատ գյուղեր պիտի շնորհակալ լինեն Անիից: Եթե գոյություն չունենար ավերակների քաղաքը` կորած ու անծանոթ խորշեր կմնային այդ գյուղերը: Բայց այժմ նրանց այցելում են Անիի այցելուները:

Շիրակը պիտի աչքի բիբի պես պահե իր Անին: Գեղեցիկ է նրա Արագածը, բայց նրան տեսնելու համար չէ մեր մեծ խումբը ճանապարհորդում: Մեզ և մեզ պես հազարներին քաշող֊-տանողը Անին է հինը, մեռածը հովանավորում է այժմյաններին` կենդանիներին: Պետք է հակառակը լիներ, պետք է, որ ժամանակակիցը քաշեր, գրավեր և իմիջիայլոց, իբրև իր զարդերից մեկը ցույց տար և հինը քանդվածը։ Բայց ո՞ւր, ի՞նչ տեսակ տեղերում կարող է լինել մի այսպիսի արդար իրողություն: