Ոչ մեր երկրում ի՞նչը պիտի գրավեր մեզ պես պարզ ուղևորներին: Արդյոք քաղաքակրթական առաջադիմությո՞ւնը, արդյունաբերական մեծագործություննե՞րը, թե խնամքով մշակված, աշխատավոր կյանքի վեհ հաղթանակներով զարդարված հողը: Այդպիսի բաներ չկան մեզանում: Տխուր, տգետ մուրացկան է մեր իրականությունը՝ ցավագար հեծեծող: Մնում է, որ հռչակված ավերակները գրավեն, անցյալի մասին խոսեն: Եվ կգրավեն նրանք մինչև, որ չի փոխվի մեր կյանքի այն հոգեբանությունը, որ այնքան գեղեցիկ կերպով պատկերել է ռուս բանաստեղծի այս երկտողը.
Нужны нам вечные могилы Если нет величия в живых.
Ճիշտ ու ճիշա այսպես: Ուրիշ ի՞նչ միտք ունեն այս մի շարք կառքերը, որոնք անցան Մավրակ գետակի հեզիկ ջրերով և այսպես արագ դիմում են դեպի Ուչ֊Թափա:
Ստորոտի մոտից այս երեք գագաթները վիթխարի բլուրների տեսք ունեն: Նրանք շարքով նստած են հարթ դաշտի վրա և այնքան անսովոր են իբրև բարձրություն, որ կարծում եք, թե արհեստական են, թե մեծ ու համարձակ խաղեր սիրող բնությունը չի ստեղծել նրանց: Կարծում եք, թե ինչ որ տիտաններ են թիերով կուտել այդ բարձր հողակույտերը:
Բնության ուժին արժանի կերտված՝ այ այն մեկը, որ շարունակ նայում է արեելքից– Արագածը: Բայց նրան շատ ու շատ տեսանք այս ամբողջ օրը: Բավական է, կարծես այսպես է ասում Ուչ Թափայի բարձրավանդակը: Անցանք դրանց միջով, Արագածը ծածկվեց, այժմ ցած ենք գնում:
Սակայն Արագածի փոխարեն՝ հեռու հարավ-արևելքում եք այլ պատկեր: Երկնքի ծայրում հորիզոնի վրա հավաքվել են մութ մոխրագույն ամպեր և նրանց մեջ երևում է մի սպիտակ գագաթ: -Ո՜ւհ որտեղին է հասել նա,-բացականչում ես զարմանքով և ահով լցված: Ապշած ու հիացած էի մանավանդ ես: Առաջին անգամն էի տեսնում ամպերի մեջ նկված այդ գագաթը: Ի՞նչ է նույնիսկ Արագածը նրա մոտ:
Հարկավոր են մեզ մեծ գերեզմաններ, եթե չկա մեծություն ապրողների մեջ