Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ եթէ այս կերպ ձգտուին թշնամիներ անպատիժ, իրենց չար նպատակները օրէ օր աւելի պիտի կրնան իրականացնել։

Սա կեղեքուած անտէր ու անլեզու ժողովրդեան համար մինչև իսկ կեանքս զոհ բերելու պատրաստ, կը յուսամ, որ խնդիրքս չպիտի մերժէք, մեզ ղրկել օրինաւոր ոյժ մը գէթ թնդանօթով ու մէթրայուզներով150, ընդմիշտ արժանաւոր պատիժ մը տալով թշնամոյն՝ փրկել ժողովուրդային վախը և կառաւարութեանդ վարկն ու պատիժը:

Ցնոր տնօրէնութիւն կմնամ սպասու.
Նօրտուզի գաւառապէտ Էֆեննդի Պետրոս
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 23, թ. 6-7 շրջ.: Բնագիր: Ձեռագիր:

N 173

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՆԻԿՈԼԱԵՎԻՆ՝ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՈՐԴԵՐԻ՝ ԻՐԵՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

N 1371

25 հունիսի 1915 թ․
Ձերդ Գերազանցութիւն.

Ստացել եմ Ձեր վերջին՝ յունիս 23 թւակիր հրամանը N 34, որով յայտնում էք ինձ, թէ Վանի շրջանի քիւրդ ազգաբնակութիւնը IV կորպուսի հրամանատար գեն. Օգանովսկու կարգադրութեամբ վերադառնալու և հաստատւելու է իր բնավայրերում: Այս առիթով ես ինձ թոյլ եմ տալիս մէջ բերելու մի քանի նկատումներ, պարզելու համար այն կացութիւնը, որ կստեղծուի այդ կարգադրութեան իրագործումի հետևանքով ռուս զօրքի համար և այն վտանգը, որ կառաջանայ հայ խաղաղ ազգաբնակութեան համար:

1) Վերադարձող ցեղերն են հայդարանցիք, թակուրցիք, մլանցիք, շամսըկցիք և գերաւցիք: Անցեալ աշնանը այդ ցեղերը կոտորեցին և կողոպտեցին Աղբակի, Սարայի, Արճակի և Սալմաստի հայ գիւղացիներին: Ռուս զօրքի նահանջից յետոյ քիւրդերն էին, որ կոտորեցին Բաշկալայի ողջ հայութիւնը, աւարելով և հրդեհելով նրանց տները: Բազ, Փիս, Ալաս, Ալալեան, Սորան, Ռասուլան և ուրիշ հայ գիւղերի արուներին հաւաքեցին Առակ գիւղը և ապա դաշտ հանելով կոտորեցին աւելի քան 500 մարդ, այնուհետև առևանգեցին և բռնաբարեցին կանանց ու երեխաներին, շատերին բռնի իսլամացնելով: Կարելի էր աւելի շատ դէպքեր յիշատակել, բայց բաւական համարեցէք այն սոսկալի ջարդն ու կողոպուտը, որի զարհուրելի հետևանքներին ականատէս եղան Ձեր քաջարի զօրքերն ու հայ կամաւորները իրենց յաղթական արշաւի ժամանակ Իգդիրից Վան և հեռուները: Ձեզ անյայտ չէ անշուշտ, որ այդ ցեղերը անցեալ աշնան կռւում էին թիւրք զօրքի հետ ռուս զօրքերի դէմ պարսկական գծի վրայ և