վիճակով: Այս մասին, երբ անգամ մը վտանգ հանդիպելու լինի, մենք պատասխանատու չենք:
- Յ. Գ. Արճակի շրջանից 8-10 բեռ ևս նոր բերվեցաւ, որ դեռ չենք չափած:
- ՀԱԱ․ ֆ. 242, ց. 1, գ. 20, թ. 27, բնագիր, ձեռագիր։
N181
ԱՐՃԵՇԻ ՓՈԽԱՌԱՋՆՈՐԴ ՄԱԹԵՎՈՍ ՎԱՐԴ. ԱՃԵՄՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՔՐԴԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ ԳԱՎԱՌԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՍԻՆ
Վսեմ նահանգապետ Վանայ
‘Ի Վան
Գաւառիս հիւսիսային լեռնաշղթաներուն վրայ բնակող Զիլանաձորի ըսուած քիւրդ աշիրապետութիւններն՝ ըստ տեղեկատու անձանց՝ թւով 2-3000 զինեալ քիւրդեր դեռ անընկճելի վիճակի մէջ կապրին, որք զէն ի ձեռին միշտ պատրաստ են հայկական որևէ փոքրիկ յարձակումներուն դիմադրելու և կամ թէ հայկական անմարդաբնակ գիւղերը արշաւելու խորուած հացահատիկներու խորերը քակելու, տանելու: Գիւղաքաղաքէս 2-3 ժամ հեռավորութեան վրայ յաճախ տեսնուած են և մինչ իսկ այսօր այնպէս կը տեղեկանամ գիւղացիներէն, որ համարձակած կըլլան կողոպտել պետական ապրանք փոխադրող սայլակները, տեղէս 15 վերստ հեռաւորութեան վյայ:
Գաւառիս թէ բախտավորութիւնը և թէ դժբախտութիւնը կախուած է Զիլանաձորի աշիրապետութիւնների ընկճուած և անընկճուած վիճակէն: Եթէ հնար ըլլայ զանոնք ընկճել՝ ժողովուրդը թէ անասնեղէն կունենայ և թէ ապահովուած վիճակի մէջ իրենց գիւղերը կը քաշուին՝ նորէն կսկսեն իրենց նախկին խաղաղ աշխատանքին՝ մանաւանդ ներկայ տարուանս հացահատիկներու առատութիւնը՝ ըստ գիւղացոց տեղեկութեանց՝ կը գերազանցէ նախորդ տարիներուն:
Գիւղացի ժողովրդեան փափագը, ցանկութիւնը ներկայ խճողուած, խռնուած կեանքէն ազատուելն, իրենց գիւղերն տեղաւորուելն է և եթէ գաւառիս ապահովութիւնը անմիջապէս վերահաստատելու ջանքերն ջլատուին կամ հետաձգուին, նախ՝ գիւղի մաքուր օդի և ջրի վարժուող ժողովուրդն տեղւոյս մէջ ճարակող հիւանդութեանց զոհ կերթայ և երկրորդ հացահատիկներն ալ, որ սկսեր են հասունանալ, կը փճանան անտարակոյս: Այն ատեն սովը ոչ միայն Արճէշի որբ և այրի ժողովրդուն