Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տալիս: Երկրի ընկերների այս հոգեբանութիւնը պիտի նկատի ունենանք, որը կարող է արագացնել ապստամբութիւնը, եթէ որոշողը միայն իրենք լինեն: Այս պատճառով է որ ես ուզում եմ, որ Պատասխանատու Մարմինը Խորհրդի հետ միասին որոշէ որևէ քայլի դիմելլը:
Բանաձևերի քուէարկութիւնը թողնւում է յաջորդ նիստին:

Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Գ. հատոր, էջ 138-140:

N9

Հ․ Հ․ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ Դ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 77-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

11 ապրիլի 1907թ.

Ռոստոմ․-Մենք ոչ մի դէպքում չենք կրկնել մեր մի անգամ արդէն արած սխալը. բայց սկսել ենք մի տեսակ վախենալ արշաւախմբերից: Զաւարեանը չէ ասում, թէ խաղաղ ժամանակներում վերցնենք խմբեր ուղարկենք. այլ խմբերի գործողութիւները հարկաւոր է կապել խոշոր դէպքերի հետ, որոնց ընդառաջ գնալու համար, մենք պէտք է նախապատրաստուած լինեենք: Ես համաձայն եմ Արամի հետ, որ աւելի լաւ է ունենալ 10 հրացան Երկրի ներսում, քան 100-ը դրսում. պէտք է աշխատել, որքան կարելի է՝ շատ զէնք մտցնել Երկիր.-թէև իհարկէ, չենք կարող որոշել, թէ անպատճառ այսինչ քանակութեամբ պետք է լինեն մտցուելիք զէնքերը բայց այս ու այն պատճառով չուղարկուած կամ աւելացած զէնքերը, մենք կը պահենք արշաւախմբերի համար, հարկաւոր է ունենալ նախ ուժեր․ խմբերի անդամները բոլորն էլ պէտք է վարժ լինեն զէնք բանացնելու մէջ և ապա գիտնան քալել․ մենք այժմեանից միջոցներ պիտի ձեռք առնենք զինուորական կրթութիւն տալու հարկաւորներին:

Արամ.- Եթէ Երկրի ներսում չկայ ոչ մի շարժում, բայց յանկարծ մեռնում է Սուլթանը,- այս դէպքում հարկաւո՞ր են լինելու արշաւախմբերը թէ ոչ:

Մուրատ.- Արշաւախմբերն անհրաժեշտ են: Ես ասել եմ, որ մեր կռուողները պէտք է լինին անկախ մարդիկ և այդպիսիները կարող են միայն դրսում կազմակերպուել. ներսում՝ մարդիկ ծանրաբեռնուած են ընտանիքներով և նրանց համար դժուար է՝ ամբողջովին նուիրուել գործին: Կարևոր է, որ խմբերը ստացած լինեն զինուորական կրթութիւն խիստ տիսցիպլինայի վրայ:

Մինասեան.- Սկզբունքով, ոչ ոք հակառակ չէ արշաւախմբերին, միայն թէ այնպէս վարել նրանց, որ օգտակար լինեն: Արշաւախմբերը պէտք է ասպարէզ ելնեն, երբ ներքին ապստամբութիւնը կը պայթի, նրանք լինելու են՝ ընդհանուր շարժմանը արձագանք տուող ցոյցեր, արգիլելու համար կառավարութեան ուժերը, որ չկրնան կենտրոնանալ ապստամբավայրին