սրանց բոլորին, մէկիկ-մէկիկ խուզարկելուց յետոյ, բանտարկում են: Այն քաղաքացիները, որոնք ազատ էին ամալիայից, նոյն օրը գայմագամի անունից մէկ-մէկ կանչւում են ոստիկանատուն և ձերբակալում: Ապրիլ 7-ի երեկոյեան սկսւում է մի սոսկալի «բարդուղիմեան գիշեր» ամբողջ գաւառում:Խեղճ բանտարկեալներին մէկիկ-մէկիկ հանում են բանտերից, ձեռները յետևը կապում և խումբ-խումբ դէպ սպանդանոց առաջնորդում՝ զօրքի, ոստիկանների ու մարդասպանների վոհմակի վայրագ հսկողութեամբ: Անպաշտպան զոհերին սպանում և գետեզրեայ վայրերում նրանց դիակները գետն են ձգում՝ իրենց ոճիրը թագցնելու համար, իսկ շատերին էլ այս կամ այն խուլ տեղերում սպանելուց յետոյ, աւազի տակ թաղում: Այդպիսի աւազածածկ մարդակոյտեր - թւով 6 հատ - տեսնելու դժբախտութիւնն ունեցայ ես՝ Ականցից դէպի Խարկէն և Օրօրան տանող ճանապարհների վրայ:
Տղամարդկանց կոտորելուց յետոյ, գազանացած քիւրտ ու թիւրք խուժանը, խրախուսւած կառավարական պաշտօնեաների ջերմ աջակցութիւնից, սկսում է յագուրդ տալ իր վայրենի բնազդներին: Կողոպտում, ոչնչացնում, հրդեհի ճարակ են դարձնում հայ գիղերը, հայի տունն ու ստացւածքը: Առևանգում, տանում են նրանց անպաշտպան մնացած կանանց, քոյրերին, մայրերին ու որբերին և իրենց մէջ բաժանում, իրենց տներում պահում: Եւ մինչ դեռ, իրենց յաջողութիւններից արբեցած, կամենում են ծրագրի և՛ երրորդ կէտն ևս իրագործել, այն է ՝ հայ մանուկներին դաստիարակութեան միջոցով մահմեդականացնել լսում են ռուսաց բանակի և հայ կամաւորների մօտենալու սոսկալի լուրը: Ոգևորութիւնը փոխւում է մի յուսահատ վհատութեան: Հապճէպով վերցնում են հետները իրենց սեպհական և հայերից յափշտակած թանկարժէք իրերը, վերցնում են հայ գերիներից երիտասարդներին ու գեղեցիկներին և շարժւում՝ կամ դէպի երկրի խորքերը և կամ դէպի մերձակայ դժւարամատչելի լեռներն ու ձորերը, իրենց ճանապարհի վրայ աւերելով ու ոչնչացնելով ամեն ինչ:
Եւ գեղեցիկ Արճէշն ու իր գաւառը, որ կոտորածներից առաջ, իրենց հարստութեամբ և շէնութեամբ, Վանի վիլայէթի բոլոր կազաների մէջ առաջնակարգ տեղերից մէկն էին բռնում, այսօր նրանք աւերակ են, ամայի ու աղքատ: Հայաբնակ 42 գիւղերից միմիայն 5-ից է կենդանութեան ծուխ բարձրանում, միմիայն 5-ում բնակչութիւն կայ - Ականց կամ Արճէշ, Կտրած Քար, Խարկէն, Բլուրմակ և Օրօրան: Մնացած 37-ը բոլորովին ամայի են և անմարդաբնակ: Սրանց բնակիչներից կենդանի մնացածները ապաստանել են Արճէշում և մինչև այսօր այստեղ ել մնում են:
Թէ որքան մեծ է եղել զուլումը Առճէշի գաւառում, դա երևուն է հետևեալ վիճակագրական տախտակից181, որ կազմւած է, անշուշտ, ո՛չ բոլորովին կատարեալ ճշտութեամբ: