Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմերի հայ գիւղացիները չեն կարող իրենց տեղերը վերադառնալ: Հարկաւոր է միջնորդել զինւորական իշխանութեան առաջ, խնդրելով նախ՝ ցրւել քրդերի այդ բազմութիւնը, որով ապահովւած կլինեն թէ՛ ճանապարհները, թէ՛ հայ գիւղերի մի խոշոր մասը, և երկրորդ՝ Նորշէնի և Աղսրաֆի զինւորական էտապնի պունկտերը փոխադրել Բանոնի սարի վրայ, որտեղ տաճկական պունկտն էր գտնւում, դրանով էլ գաւառի այդ մասի հայ գիւղերը կապահովւեն քրդերից և այդ կողմերի հայերին հնարաւորութիւն կտրուի իրենց գիւղերը վերադառնալու:

գ. Բժշկական օգնութեան բացակայութիւն. Հիւանդութիւնների ծաւալման ու զարգացման գլխաւոր պատճառներից մէկն էլ բժշկական օգնութեան կատարեալ բացակայութիւնն է: Ամբողջ գաւառում, ուր հազարաւոր հիւանդներ ու մեռնողներ կան, չկայ մի հիւանդանոց, մի բժիշկ, մի ֆելդշեր... Գաւառի ժողովուրդն էլ, որքան կարողացայ ես նկատել, չափազանց տգէտ է և բնաւ հասկացողութիւն չունի հիւանդութիւնների ու առողջապահութեան մասին: Նա ո՛չ միայն նոյն իսկ ամենասովորական հիւանդութեան դէմ մաքառել չգիտէ, այլ և չգիտէ հիւանդին խնամելու ամենատարրական պահանջները: Մաքրութիւն, զգուշութիւն ասած բանը գոյութիւն չունի այնտեղ: Դրա համար էլ հիւանդութիւնները, օրեցօր զարգանալով ու տարածւելով, հսկայական նախճիր են գործում:

Հարկաւոր է անպայման ունենալ այնտեղ մի բժշկական պունկտ իր սննդատու կայանով միասին: Սրանք երկուսն էլ կարևոր են և անհրաժեշտ: Առաջինը՝ հիւանդներին մեկուսացնելու՝ իզօլե182 անելու և բժշկական օգնութիւն հասցնելու համար, իսկ երկրորդը՝ հիւանդներին և կատարելապէս կարիքաւորներին սնունդ մատակարարելու համար, որովհետև նախ՝ չէ՞ որ դեղն առանց սննդի անզօր է, և երկրորդ՝ որ բոլոր հիւանդութիւնների ծնողն ու սնուցանողը սննդի պակասութիւնն է:

Գաւառի մի քանի կարիքների մասին խորհելու համար, յունիսի 24-ին Արճէշում հրաւիրեցի գաւառապետութեան ենթակայ բոլոր մարմիններից ընդհանուր ժողով, որին մասնակցում էին նաև Զեմստվոյական Միութեան տեղի սննդատու կայանի կառավարիչ պ. Մատթէոս Յովհաննիսեանը և գթութեան քոյր տիկ. Շուշ. Տէր-Գրիգորեանը: Ի միջի այլ խնդիրների, ժողովի քննութեան տրւեց գաւառում տարածւած հիւանդութիւնների դէմ մաքառելու հարցը: Ժողովը որոշեց.- ա. հիմնել Արճէշում սննդատու կայան՝ գոնէ 300 հոգու տաք կերակուր մատակարարելու համար, բ. կայանին կից ունենալ բժշկական պունկտ կամ հիւանդանոց՝ հիւանդներին չէզոքացնելու և բժշկական օգնութիւն հասցնելու համար:

Ուրախութեամբ եմ արձանագրում, որ գաւառապետութիւնը յանձն առաւ հիմնւելիք կայանների համար հարկաւոր հացն ու շէնքը տալ ձրիաբար, հասարակական միջոցներից, իսկ տիկ. Տէր-Գրիգորեանը - որը միակն է, որ կարողացածին չափ բժշկական օգնութիւն է հասցնում տեղի հիւանդներին - սիրով իր վրայ վերցրեց գործի կազմակերպութեան հոգսը