Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և կայանների ղեկավարութիւնը, բայց միայն այն պայմանով, որ Վանի «Եղբայրական Օգնութիւնը» ամսական գոնէ 200 րուբ. նպաստ տայ, ուղարկի մի բժիշկ կամ մի հմուտ ֆելդշեր և մի քանի օգնականներ:

Փակագծերի մէջ պարտք եմ համարում արգոյ վարչութեանդ զեկուցանելու, որ Վան վերադառնալուց անմիջապէս յետոյ, պատիւ ունեցայ այդ մասին զեկուցանելու «Եղբ. Օգնութեան» գեր. տէր նախագահին, անդամներից մի քանիսին և բժ. պ. Օհանջանեանին: Նրանք սիրով ընդառաջ գնալով վերոյիշեալ ժողովի որոշմանը և իմ առաջարկին, խոստացան իրենց աջակցութիւնը:

Այս բոլորից զատ, կկամենայի վարչութեանդ ուշադրութիւնը հրաւիրեւ մի կենսական և խիստ կարևոր խնդրի վրայ ևս, դա ցորենի և առ հասարակ միւս բերքերի հաւաքման խնդիրն է:

Փաստ է, որ Արճէշ քաղաքի և գաւառի բնակչութեան գլխաւոր զբաղմունքը երկրագործութիւնն է. այգեգործութիւնը և խաշնարածութիւնը: Վերջնիս մասին խօսք լինել չի կարող, որովհետև գաւառում ոչխար չի մնացել: Ինչ վերաբերում է երկրագործութեան, մասնաւորապէս հացահատիկների մշակութեան, պէտք է ասեմ, որ Արճէշի գաւառը յիրաւի արժանի է, Ալջավազի հետ միասին, Վանի շտեմարան կոչւելու: Հողը շատ է, ջուրը՝ առատ, բերքը՝ գերազանց: Մասնաւորապէս այս տարի թէ ցանքն է շատ և թէ բերքը յաջող, նամանաւանդ Արճէշ քաղաքից դէպի հիւսիս և արևմուտք ընկած շրջանում:

Իրերի ներկայ դրութեամբ, եթէ անհատական ոյժերին թողնւի խոտի, ցորենի և միւս հացահատիկների հաւաքման հոգսը, ոչ միայն շատ արօտներ, շատ արտեր, այլ և շատ գիւղերի բոլոր ցանքերը պիտի մնան առանց հաւաքւելու, որովհետև, ո՛չ հարկաւոր չափով աշխատող ձեռներ կան, ո՛չ գործիքներ, ո՛չ լծկաններ, ո՛չ ել սայլեր: Որ տունն աշխատող ձեռներ շատ ունի, որ տունը լծկաններ ու սայլեր ունի, ո՛ր գիւղն ապահով է, նրանք կապահովւեն ձմեռւայ սովից, իսկ մեծամասնութիւնը, որ զրկւած է այդ ամենից, պիտի մեռնի քաղցից:

Այդ յոյժ կարևոր խնդիրն ևս կրկնակի քննութեան ենթարկելով - նախ՝ գաւառապետութեան բոլոր մարմինների ընդհանուր ժողովում և ապա՝ հասարակական մի բաւական բազմամարդ ժողովում - որոշւեց ինչպէս խոտի, այնպէս էլ հացահատիկների հաւաքման գործը դնել ոչ թե անհատական, այլ համայնական հիմունքների վրայ: Դրա համար ընտրւեց մի յատուկ յանձնախումբ, նախագահութեամբ պ. գաւառապետի, որ պէտք է ցուցակագրի աշխատանքի ընդունակ տղամարդկանց և կանանց, նրանց ունեցած լծկանները, գործիքներն ու սայլերը և հսկի աշխատանքների կատարմանը:

Բացի դրանից, յանուն գործի յաջողութեան, կխնդրէի, եթէ հնարաւոր է, ջանալ անպայման ուղարկել Արճէշի գաւառը գէթ 100-ի չափ բանւորներ, հնձելու, կալսելու և այլ գիւղատնտեսական մեքենաներ, լծկաններ ու