Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրականաթիւնը այդպէս չէ: Նրանք ոչ թէ նոր պետական կարգեր են պահանջում, այլ հին խալիֆայութիւնը: Նրանց մէջ չկայ յեղափոխական շարժում, հետևապէս չենք էլ կարող միացած գործ ձեռնարկել: Շատ շատ մենք կարող ենք հեռուից տոն տալ, թելադրումներ անել բայց երբեք խառն կոմիտէներ կազմել: Հայերս դեռ ջուրը չտեսած հանուել գիտենք:

Վռամեան.-Ես ևս այն կարծիքին եմ, որ մենք խիստ վերապահութեամբ պիտի վարուենք: Ես համաձայն եմ աջակցելուն, դրամ տալուն, բայց մենք աշխատելու ենք երևան չգալ: Այս էլ պիտի ասեմ, որ մենք շատ էլ չոգևորուենք հեռուէն եկած ձայներով:

Նախագահ.-Զգուշութիւնը ինքնըստինքեան հասկանալի է. դրա վրայ խնդրում եմ չծանրանալ:

Ահարոնեան.-Մեր մէջ կայ անջատողական ձգտում, այդ չպէտք է ուրանալ: Մենք պահանջում ենք րեֆորմներ [բարենորոգումներ]՝ ոչ թէ համայն պետութեան, այլ վեց վիլայէթների համար, դրանից զատ մենք պահանջում ենք մի եւրոպական ներկայացուցիչ հայերի համար, և այդ բոլորը դիտւում է թուրքերի կողմից իբր սեպարատիզմ: Այո՛, մենք միայն սեպարատիստներ ենք համարւում: Թուրքերը առաջարկում են մեզ Սաբահեդդինի ծրագիրը եթե չընդունենք, հետևապէս կը համարուենք սեպարատիստներ:

Վռամեան.- Տաճկաստանից անջատուելու մասին, ոչ ոք չի մտածի, դա կը լինէր յիմարութիւն. ոչ թէ որովհետև չենք կարող, այլ հենց մեր տնտեսական շահերը կը պահանջեն միացած մնալ: Մեր պահանջած ֆեդերացիան չեն ըմռնում թուրքերը և դրա մէջ են տեսնում սեպարատիզմ: Անհրաժեշտ է համոզել և հասկացնել թուրքերին, որ դա միակ միջոցն է Թուրքիայի ամբողջութեան համար․ հակառակ դէպքում նա կը բաժանուի:

Մինասեան.- Ժէօն Թուրքերն անգամ չեն կարողանում հասկանալ մեր այդ համերաշխութիւնը, ուր մնաց թէ անգիտակ թուրք ժողովուրդը: Թուրքը դեռ դեկավարւում է կրօնական հոգուով և եթէ Թուրքիան կռուի բռնուի մի որևէ քրիստոնեայ պետութեան հետ, իսկոյն թուրքերը կը կանգնեն հայերի դէմ: Մենք պէտք է Ժէօն Թուրքերից սկսենք: Շատ շատ կարող ենք թելադրութիւններ անել հեռուից և քաջալերել, բայց միասին հրապարակ դուրս գալ պայքարելու, ես վտանգաւոր և վաղաժամ եմ համարում: Մեր կռուանը, ինչպէս շեշտել եմ բանաձևի մէջ, պիտի լինի կոնգրէն [խորհրդաժողովը]:

Նախագահը քուէարկութեան է դնում Արամի բարեփոխուած բանաձևը մաս մաս: Ամբողջ բանաձևը, «նկատում»ներից զատ, անցաւ ձայների մեծամասնութեամբ: I մաս՝ + 18, - 5, ձեռնպահ՝ 2: II մասը՝ միաձայն, III մասը առանց քուէարկութեան ընդունուեց, աւելի քան հասկանալի համարուելով. IV մասը՝ + 23, - 1. ձեռնպահ՝ 2: Ապա քուէարկութեան է տրւում Մինասեանի բանաձևը: