2. Բոլոր գիւղերը պարտաւոր են հնձել զինւոր գնացածների արտերն ու խոտատեղերը, պարտաւոր են նաև աշնանը գիւղի հաշւին փոխադրել զինւոր գնացածների կալերը և օգնել կալսելու աշխատանքին: Աշխատանքը հաւասար և արդարապէս պէտք է բաժանել գիւղի բոլոր տների վրայ՝ մէջը հաշւած և զինւորների ընտանիքը: Աշխատանքը պէտք է բաժանէ գիւղական կոմիտէն:
3. Իրենց համագիւղացի զինւորի ընտանիքին օգնել չկամեցող գիւղացիներին համոզել, որ ենթարկւեն գիւղի կոմիտէի որոշման․ եթէ չհնազանդեն - նրանց անունները յայտնել գաւառական կենտրոնի կոմիտէին:
4. Զինւորի ընտանիքի դաշտային աշխատանքները գիւղացիք պարտաւոր են կատարել ամենից առաջ:
5.Գիւղացիք պարտաւոր են այնպէս անել, որ զինւորի ընտանիքի ամեն անդամի մէկ տարւան ապրուստի համար ապահովւի առնւազն 12 փ. հաց և ունեցած անասունների կերը, հաշւելով մէջը նրանց սեփական բերքը:
Հայրենակիցնե՛ր, գարնան ցանքի ժամանակը մօտենում է, պատրաստ եղէք օգնելու մեր հայրենասէր զինւորների ընտանիքներն: Օգնել զինւորի ընտանիքին - նշանակում է պաշտպանել Ազգն ու Հայրենիքը:
- ՀԱԱ, ֆ. 289, ց. 1, գ. 6, թ. 1, տպագիր օրինակ:
N 267
Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՎԱՆԻ ԸՆԿԵՐՆԵՐՆ
Վանի ընկերներին.
Սիրելի՛ք: Ձեզանից բազմաթիւ նամակներ եմ ստացել և ոչ մէկին կարծեմ հնարաւոր չեղաւ պատասխանել: Լրագիրներից կˈիմանանք վերջին անցուդարձը: Ես ուզում եմ միայն ստեղծուած կացութեան մասին մի քանի գործնական թելադրութիւններ անել ձեզ:
1.- Լրագիրներից և նամակներից կը տեսնէք, որ Կովկասը ահաբեկուած և խուճապի է մատնուած. սրա պատճառը փնտռելու էք ոչ թէ թշնամու գերազանց ուժերի մէջ, այլ մեր ներքին կացութեան. զօրքը անբարոյականացել է. տուն փախչելու փսիխոզը հասել է ծայրայեղութեան. սրա դէմ վերջերս միջոցների դիմեցինք՝ կիրարկելով մահուան պատիժը, և աջ-ձախ սկսել ենք զարնել. առաջին տպաւորութիւնը լաւ է: Այս լքուածութիւնը մեծապէս ազդեց ճակատների վրայ. հրաման են տուել ետ քաշուել. երևի նոյնը կˈանեն և ձեզ:
Քաջ ծանօթ լինելով թուրքերի վիճակին՝ կարծում եմ, որ դուք այժմ ինձանից լաւ գիտէք այդ. պէտք է տեղի չտալ, գէթ պաշտպանել Ալաշկերտ-Վան հողամասը թիկունքը լաւ ամրացնելու պայմանով։