Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս հանգամանքը, թե Վրաստանում դա դժվարության հանդիպեց, մեզ օրինակ չի կարող լիներ, քանի որ մեզանում այնպիսի սոցիալական և քաղաքական պատճառներ չկան:

Թեև մեզնում կան շատերը, որոնք մի հրացանի համար վճարել են 1500-2000ռ., գուցե իրենց վերջին կոպեկը, սակայն դրանք միայն 10 տոկոս կարող են կազմել, այնինչ զենքերի մեծամասնությունը գողացված ու փախցված է: Այնպես որ այդ փոքրամասնության պատճառով չպետք է վարձատրության սիստեմ մտցնել և դեռ փող տալ նրանց, որոնք կատարել են այդ ավազակությունը:

Ինչ վերաբերում է այս խնդրի շտապողականության, դա անհրաժեշտ է ընդունել քանի որ առանց նախապես զինաթափման, անհնար է որևէ կարգ ստեղծել այս երկրռւմ:

«Ժողովուրդ», 29 օգոստոսի 1918 թ.

10-ՐԴ ՆԻՍՏ

27 օգոստոսի 1918 թ.

Ներքին գործերի նախարար Արամ - Հայտնում է դիտողություններ ընդհանուր հիմունքների մասին: Նա նկատում է, որ օրինագծի դեմ գլխավոր առարկություն անողը սոց.-դեմ. ֆրակցիան է, որ հենվում է իր թված փաստերի միայն երկուսի վրա, չնայած որ ինքը բերել է մի շարք փաստեր: Եվ իր հակաճառություններով սոց.-դեմ. ֆրակցիան փոխանակ հերքելու իր առաջ բերած հիմունքները, ապացուցեց, որ ավելի ևս անհրաժեշտ է դիմել զինաթափության: Պատգ. Ավդալբեկյանի այն հարցին, թե եթե զինված ժողովուրդը չարիք է, ապա ինչու՞ զինված զորքը չարիք չէ, նախարարը պատասխանում է, թե՝ նախ զորքը ենթարկվում է ուժեղ կարգապահության, երկրորդ՝ նա ծառայում է հանուրի հասարակական նպատակներին, իսկ ժողովրդի մեջ այդ երկուսն էլ բացակայում են: Նախարարը նկատում է, թե մենք երբեք չենք կարող հետևել Պարսկաստանի օրինակին, որովհետև այնտեղ ժողովուրդը կարգապահ է: Այն մեղադրանքին, թե պաշտոնական թղթերն ամիսների ընթացքում են գավառ հասնում, նախարարը պատասխանում է, թե հազիվ մի ամիս է, որ կառավարությունը գործի է անցել, ուրեմն, անհիմն է մեղադրել կառավարության՝ նման երևույթների համար: Այն դիտողության առթիվ, թե Բայազետը, Սուրմալուն և Սարդարապատը ժողովուրդը ինքն է պաշտպանել, փաստերով ապացուցանում է, որ հակառակն է տեղի ունեցել: Ի վերջո, նախարարը դիտում է, որ սոց.-դեմ. ֆրակցիան մի անգամ ընդ միշտ խաչ է դրել այս կառավարության վրա և գտնում է կառավարությունը անընդունակ, անգործունյա: Եվ ասում է, եթե դուք շահագրգռված եք այս երկրի կարգի ու ամուր իշխանություն ստեղծելու մեջ, պարտավոր եք աջակցել կառավարության: Խաղաղ, ավազակային հակումներ չունեցող ժողովրդի