Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որովհետև մենք չունենք միջոցներ` հավաքած խաղողը նպատակահարմար ձևով օգտագործելու: Նա հարց է տալիս մինիստրին․ ի՞նչ Է արված, արդյոք, աղի և կարտոֆիլի վերաբերմամբ:

Ներքին գործոց մինիստրը հայտնում է, որ աղի վերաբերյալ բանակցության մեջ է մտել թուրքերի հետ և հավանական է, որ մոտ ապագայում հնարավոր լինի Արաքս կայարանից մի քանի վագոն աղ ստանալու, իսկ կարտոֆիլի մոնոպոլիայի օրինագիծը մոտ ապագայում կներկայացնե խորհրդին: Դրվում է քվեարկության և անցնում է հետևյալ բանաձևը, ի նկատի ունենալով կարտոֆիլի սեզոնի մոտենալը, կոմիսիան առաջարկում է կառավարությանը՝ մշակել մի օրենսգիծ կարտոֆիլի պետականացման մասին: Առաջարկն անցնում է 25 ձայնով:

«Կառավարության լրաբեր», 10 սեպտեմբերի 1918թ.

19-ՐԴ ՆԻՍՏ

17 սեպտեմբերի 1918 թ.

Արամ, ներքին գործոց նախարար - Երեք հարցում կա. ա) պարենավորման, բ) առևտրի ապահովության և գ) քոլերայի դեմ կռվող մարմնի թռուցիկները հայերեն չտպվելու մասին: Ամեն տեղ հեռագիրներ են տրված, որպեսզի ռուսական դրամի շահագործման դեպքեր չլինեն և շահագործողները պատասխանատվության ենթարկվեն: Լիազորների գործունեության մասին քննություն է կատարվում, արդյունքը կհաղորդվի խորհրդարանին:

Անցնելով երկրորդ հարցումին՝ նախարարը ասում է, թե՛ արտահանությունը և թե՛ ներմուծումը Դիլիջանի կողմից է, որի համար այնտեղ հիմնվել է մաքսատուն: Ինչ վերաբերվում է խուզարկություններին, դրանք փաստ են, որի առաջը հնարավորություն չկա առնելու: Հայերից մեկ ու կես ամսվա ընթացքում բողոքներ չեն եղել․ ինչ որ իմացել եմ՝ եղել է կամ մամուլից կամ պատգամավորներից և կամ մասնավոր մարդկանցից: Թուրքերի կողմից միշտ էլ լինում են նման բողոքներ:

Վաղարշապատի և Օշականի դեպքերի համար պաշտոնական քննություն է կատարվել․ սակայն միանգամայն հակառակ եզրակացություն է ստացվել: Քննիչի զեկուցման համաձայն այդ դեպքերը կուսակցական բնույթ են կրում:

Քոլերայի դեմ մաքառող հանձնաժողովի հայտարարությունները ռուսերեն են տպված, որովհետև թարգման և գրաշար չէ եղել․ բացի այդ, շատ շտապողական է եղել:

«Զանգ», 28 սեպտեմբերի 1918թ.

20-ՐԴ ՆԻՍՏ