Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1917-ին, գարնան ու ամառուան ամիսներին, ռուսական բանակին արհեստական ներարկումներ էին անում՝ նրա ռազմական ոգին բարձրացնելու ու յարձակման ընդունակ դարձնելու համար:

Ա. Կերենսկին անդադար պտոյտներ էր գործում արևմտեան ճակատում ու ճիգ թափում խօսքի միջոցով համոզելու զօրքը, որ անհրաժեշտ է շարունակել պատերազմը և ապահովել յաղթանակը:

Նրա օրինակին հետևում էին և’ Անդրկովկասի բանակում աշխատող քաղաքական գործիչները: Նոյնը կատարւում էր և մեզ մօտ՝ Երևանում, ուր այն ժամանակ կանգնած էր մօտ քսան հազարանոց մի զօրամաս:

Թիֆլիսից Երևան էր ուղարկուած Երկրային Կոմիտէի անդամ, այժմ հանգուցեալ բժիշկ Յովսէփ Բէգզադեանը, յայտնի սոցիալ դեմոկրատ, որ հաւաքէ Երևանի շրջանի դասալիքներին, բարձրացնի արդէն իսկ քայքայման շէմքին հասած զօրամասերի ոգին, նրանց կազմակերպի՝ ռազմաճակատ ճամբելու նպատակով:

Այն օրերին Արամն էլ Երևանումն էր: Բէգզադեանը, կամենալով օգտագործել Արամի անունն ու հեղինակութիւնը իր նպատակի համար, հրաւիրեց նրան ներկայ լինել իր նշանակած միտինգին և խրախուսանքի խօսք ասել հայ զինուորներին:

Ինձ, իբրև Երևանի Զինուորական Խորհրդի Գործադիր կոմիտէի անդամի, յանձնարարուած էր աջակցել Բէգզադեանին:

Նշանակուած օրը, ճաշից յետոյ, զօրանոցներից մէկի ընդարձակ բակում տեսայ Արամին և Բէգզադեանին: Վերջինս ծանօթացրեց ինձ Արամի հետ: Առաջին անգամ էի լսում նրա ճառը: Հռետոր չէր, իր արտասանութիւնը ունէր ինչ որ թերութիւն, որ վնասում էր նրա խօսքի արտաքին տպաւորութիւնը, մանաւանդ անսովոր ականջի համար: Չունէր նաև յստակ սահուն ոճ, որի ազատ կարկաչիւնը այնքան անհրաժեշտ է միտինգային հռետորի համար: Այնուհետև լսեցի Արամին բազմաթիւ տեղերում, զանազան առիթներով խօսելիս:

Առաջին տպաւորութիւնս մնաց, հռետոր չէր: Թէև զուրկ հռետորական շնորհքից, բայց ունէր զարմանալի բովանդակալի ու հարուստ միտք, և երբ ականջդ սովորում էր նրա լեզուին ու խօսքին, մի’շտ հաճոյքով էիր ունկնդրում նրան: Ճկուն ու հնարամիտ էր նրա միտքը:

Չեմ հիշում մի դէպք, երբ իրար յաջորդող ժողովներում, նիստերում, խորհրդակցութիւններում ստեղծուած լինէր ծանր, անել կացութիւն, և Արամը չփրկէր կացութիւնը:

Այնուհետև, նույն թուի ամառը ես յաճախ պատահում էի Արամին Ղուրդուղուլի (Սարդարապատի շրջանի հարուստ ու շէն գիւղերից մէկը), ուր գնում էի արձակուրդով ընտանիքիս մօտ: Արամը Ղուրդուղուլի հիւր էր գալիս Մոսկուայի կոմիտէի աւագ բժշկուհի օր. Զալեանի մօտ, որի հետ մի երկու ամիս յետոյ ամուսնացաւ:

Ես, թէև հեռուից հեռու, բայց գիտէի, թէ ո՞վ էր Արամը, Հ. Յ. Դաշնակցութեան նշանաւոր դէմքերից մէկը և Վանի հերոսը: Բայց, եթէ այդ բանը