Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չիմանայի և չլինէր շրջապատի ակնածանքով ու յարգանքով լի վերաբերմունքը դէպի նա, բնաւ չէի մտածի, որ Արամը մեր իրականութեան ամենամեծ ու ամենաազդեցիկ քաղաքական կուսակցութեան ղեկավարներից էր ու ժողովրդական հերոս: Արտաքին կեցուածքով ու ձևով սովորականից սովորական մահկանացու էր: Պարզ ու մտերիմ զրուցակից: Եւ մի՛շտ՝ այդ միևնոյն տպաւորութիւնը առօրեայ կեանքում:

Իմ այդ տպաւորութիւնը մնաց մինչև վերջը: Հանգամանքների բերումով հետագայում Արամի հետ ես բաւականին մօտեցայ, մտերմացայ: Ամիս ներ շարունակ, գրեթէ օրն ի բուն մենք միասին էինք լինում: Այդ այն ժամանակ էր, երբ դէպքերն ու հանգամանքները փոխւում էին գահավէժ, գլխապտոյտ արագութեամբ և ճակատագրական արժէք ստանում հայ ժողովրդի համար: Երևանում գտնուողների միտքն ու զգացումները լարուած էի անչափ: Նրանց ապրումները խորունկ էին, ջղային ու միշտ յուսահատական: Օրերը շատ երկար էին, ամիսներն անվերջ...

Այդ օրերին Արամը քաղաքական ու բարոյական դէմք էր, որ իշխում էր շրջապատի վրայ ու ընթացք և ուղղութիւն տալիս նրա կեանքին: Այդ զգում ու գիտակցում էին ամէնքը, առանց դաւանանքի խտրութեան: Եւ այդ քաղաքական ու բարոյական մեծութիւնը նոյն սովորական մարդն էր, որին հանդիպում էի Ղուրդուդուլիում առօրեայ պայմաններում,- մատչելի ամէնքին, գրեթէ ճգնաւորի իր կեանքի եղանակով, ո’չ մի քայլ իր դիրքը ընդգծելու, ուշադրութիւն գրաւելու. իրեն ցուցադրելու: Իր անձը գոյութիւն չունէր: Իր անձնական կեանքը զրկանքների անվերջ շարան կը լինէր, եթէ շրջապատողները հոգ չտանէին նրա մասին:

Արամին մօտից ճանաչելուց յետոյ, մարդ տարակուսում է, թէ ո՞վ է նրան փաշա տիտղոսը տուել: Մի կատարեալ թիւրիմացութիւն է գոնէ արևելահայերիս հասկացողութեամբ, որովհետև նրա բնաւորութեան մէջ փաշայական ոչինչ չկար: Եւ ինքը ինչպէս էր խորշում այդ տիտղոսից:

Յիշում եմ երկու այսպիսի դէպք:

Մի օր, նրան դիկտատոր ընտրելու (որի մասին խօսք կը լինի քիչ յետոյ) յաջորդ օրը, տուն վերադառնալով, մուտքի երկու կողմը պահակ-զինուորներ է տեսնում, իսկ բնակարանի մուտքին փակցրած՝ «Արամ փաշա»310: Անմիջապէս գրպանից հանում է գրչահատը ու քերում փաշա բառը, իսկ մի երկու օրից յետոյ վերացան և՚ զինուորները:

Մի այլ դէպք: Մակուի խանութներից ներկայացուցիչներ էին եկել Արամի մօտ: Բարևներ էին բերել խանից ու խնդրանք՝ օգնելու իրենց պարենով: Երբ ներկայացուցիչները վերադառնում էին, Արամի անունից մի նամակ գրուեց խանին: Ո՚չ մի կերպ չէր համաձայնում նամակի տակ ստորագրել Արամ փաշա, այլ ստորագրեց միայն Արամ: Մեծ դժուարութեամբ համաձայնեց, որ այդ ստորագրուած անունին կցի նաև «փաշա» բառը:

1917-ի ամառը Արամը եկել էր Ղուրդուղուլի հանգստանալու, միաժամանակ կարգադրութիւններ էր անում իր պաշտօնի վերաբերեալ: Նրա