Ազգային Խորհուրդը լարուած ուշադրութեամբ լսեց Արամին և միաձայնեութեամբ311 հաւանութիւն տուեց նրա առաջարկին՝ Ազգային Խորհուրդի անելիքների մասին: Ամէնքը զգում և հասկանում էին, որ պէտք էր պատրաստուել օրհասական պայքարի, որ այդ պայքարի ժամը մօտ էր, որ խօսքի ու վէճի ժամանակ չէր, ժամանակ էր գործելու՝ արագ ու վճռական, հէնց վաղուանից:
Ամէնքը ունէին այդ գիտակցութիւնը՝ թէ’ Դաշնակցականը, թէ’ Ժողովրդականը, թէ’ Էս-Էրը և թէ Բոլշևիկը:
Բայց տարօրինակ բան: Արամի առաջարկութեամբ պիտի ընտրուէր մի փոքրաթիւ կազմ ունեցող, արագաշարժ մարմին՝ Յատուկ Կսմիտէ, որին Ազգային Խորհուրդը ժամանակավորապէս պիտի փոխանցէր իր բոլոր իրաւունքները: Եւ ահա, երբ հերթը եկաւ այդ մարմնի կազմութեան, բոլոր կուսակցութիւնների ներկայացուցիչները հրաժարուեցին նրա մէջ մտնելու: Ամենայն պատրաստակամութեամբ համաձայնում են, անգամ պնդում, որ Յատուկ Կոմիտէին կազմուի միայն դաշնակցականներից, բայց իրենք խուսափում են՝ խոստանալով միայն ամէն տեսակ աջակցութիւն ցոյց տալ դրսից: Անհնար եղաւ համոզել, որ այդ մարմինը լինի նոյն Ազգային Խորհուրդը, միայն փոքր կազմով, այսինքն՝ բոլոր հոսանքների մասնակցութեամբ:
Այդ վերաբերմունքը գուցէ հասկանալի լինէր, եթէ գոյութիւն ունենային սկզբունքային կամ այլ կարգի տարակարծութիւններ: Բայց որևէ անհամաձայնութիւն չկար: Ամէնքը համաձայն էին Արամի պարզած գործելակերպին, բայց գործնական պատասխանատուութիւն խուսափում էին առանձնել: Եւ գործը, հակառակ դաշնակցականների կամքին, մնաց նրանց ձեռքը:
Առանց անհամեստ լինելու, միայն փաստը արձանագրած լինելու համար պէտք է ասեմ, որ Դաշնակցութիւն էր, որ գիտակից վայրկեանի լրջութեան՝ չտատանուեց պատասխանատուութեան տակ մտնելուց և իր բովանդակ ուժերով նետուեց ասպարէզ:
Եւ Յատուկ Կոմիտէն կազմուեց գրեթէ բացառաբար դաշնակցականներից: Ասում եմ «գրեթէ», որովհետև կազմի մէջ մտաւ նաև մի չեզոք անձնաւորութիւն, որը իր աշխարհայեցողութեամբ այնքան մոտ էր մեզ, որ հետագայում պաշտօնապէս մտաւ Դաշնակցութեան մէջ:
Յատուկ Կոմիտէի կորիզը կազմում էին երեք հոգի, - Արամը, իբրև Թիֆլիսի Հայոց Խորհրդի անդամ-լիազոր. Երևանի Ազգային Խորհրդի կողմից քաղաքում մեծ յարգանք ու համակրանք վայելող՝ շատ գործունեայ հասարակական գործիչ Մ. Մուսինեանը և այս տողերը գրողը:
Բացի այդ. Ազգային Խորհրդի ցանկութեամբ Յատուկ Կոմիտէի աշխատանքներին ձայնի իրաւունքով պիտի մասնակցէին նահանգական կոմիսարը (այն ժամանակ մեր ընկեր Սահակ Թորօսեանը) և Հայ զինուորական Միութեան նախագահը (որ բժ․ Յ․ Մելիքեանն էր, նոյնպէս դաշնակցական):