Քարտուղարի պաշտօնով հրաւիրուեց Ս. Օհանջանեանը:
⁂
Յատուկ Կոմիտէն դարձաւ երկրի՝ Արարատեան Դաշտի ու յարակից գաւառների՝ փաստական իշխանութիւնը և գործի անցաւ Արամի Երևան գոլու հետևեալ օրը:
Չկար այլևս անորոշութիւն, տարտամութիւն և սպասողական վիճակ: Պարզ էր, թե ի՞նչ պիտի արուէր,- օգնութիւն ռազմաճակատին նոր զօրակոչի միջոցով, Երևանի շրջանի, այսինքն՝ թիկունքի ինքնապաշտպանութեան կազմակերպում տեղական թուրքերի թշնամական շարժումների դէմ, կարգ ու օրինականութեան վերականգնում գաւառներում, ուր անիշխանութիւնը գնալով ծաւալւում էր, և դրանցից բխող պարենավորման, դրամական, հաղորդակցական և այլ խնդիրներ, որոնք բոլորն էլ պահանջում էին լարուած աշխատանք: Ամէն ինչ պիտի կատարուէր արագ․ ժամանակը քիչ էր, անելիք՝ շատ:
Յունուարին Թիֆլիսից Երևան եկաւ զօրավար Միլիկեանը իր սպայակոյտով: Նա նշանակուած էր Երևանի շրջանի զինական ուժերի հրամանատար (դիվիզիայի պետ), իսկ Դրօն զինուորական կոմիսար:
Յատուկ Կոմիտէի առաջին ու գլխավոր մտահոգութիւնն էր ռազմաճակատի ամրացումը և սրա կապակցութեամբ՝ թիկունքի ապահովութիւնը: Այդ նպատակով Յատուկ կոմիտէի առաջին քայլը եղաւ զինակոչ յայտարարել: Այդ յայտարարութեան համաձայն՝ զէնքի տակ էին կանչում մինչև 28 տարեկանները:
Յատուկ Կոմիտեն այդ առթիւ մի կոչով դիմեց ժողովրդին, որով բացատրում էր կացութեան լրջութիւինը. զինակոչի անհրաժեշտութիւնը և, յանուն Ազգային Խորհրդի, հրաւէր ուղղում զինապարտներին՝ երեք օրուայ պաշարով ներկայանալու տեղական զինուորական կենտրոնները:
Երևանի շրջանի հայութիւնը արտակարգ վստահութեամբ արձագանք տուեց իրեն ուղղուած կոչին և, հակառակ Ծննդեան տօներին, ամէնքը շտապեցին ներկայանալ պատշաճ իշխանութեան:
1918-ի Յունուար 5-ին, ճաշից յետոյ, Արամի հետ Երևանից ինքնաշարժով դուրս եկանք դէպի Ղուրդուղուլի՝ Ծննդեան երեկոն այնտեղ անցկացնելու համար: Ճանապարհին պատահում էին խումբ-խումբ երիտասարդներ, որոնք երեք օրուայ պաշարը մէջքերնին՝ շտապում էին դէպի Վաղարշապատ՝ արձանագրուելու զինուորական շրջանի կենտրոնում:
Յատուկ Կոմիտէի կոչը նոր էր հասել տեղ և ահա մարդիկ շտապում էին իրենց պարտքը կատարելու՝ Ծննդեան օրն իսկ բաժանուելով հարազատներից: Արամը ազդուեց:
-Այսպիսի պայմաններում,- ասաց նա,- մեր ժողովուրդը հրաշքներ կարող է գործել: Շատ անգամ առիթներ եմ ունեցել նկատելու, որ մեր գիւղացու պարտականութեան զգացումը հարազատ է: Գիտակցութեան նշան է այդ: Ազգային Խորհրդի մի կոչը բաւական է, որ նա իր համար այս