Դէպի տուն շտապող ռուսական զօրամասերը իրենց ճամբին խորտակում էին ամէն ինչ: Խորթ չէր նրանց նաև թալանն ու կրակը: Երևանում խանութները կողոպտելու նպատակով հրդեհ առաջ բերին խանութների շրջանում, որպէս զի քաղաքացիներին շփոթի մատնեն ու լաւապէս հասնին իրենց սև նպատակին:
Հայ ժողովուրդը, յատկապէս Արարատեան Դաշտի ու նրան կից տաճկական սահմանի երկայնքին ընկած շրջանների հայութիւնը ականատես էր ճակատի այդ փլուզումին ու գիտակից, որ նրա հետևանքը՝ յղի սարսափներով՝ իր համար կարող է ողբերգական լինել: Մերկանում էր ամբողջ ռազմաճակատը հայ ժողովրդի արեան ծարաւի թուրքի առջև:
Ո՞վ պիտի փոխարինէր տուն շտապող ռուս ուժերը ու պաշտպանէր մեր հողը, մեր ժողովուրդը: Ո՚չ ոք, բայց եթէ հակական փոքրաթիւ, վտիտ զօրամասերը:
Ինչպես արդեն յիշուեց, այդ առաջին և ամենակարևոր հարցն էր, որ գրուած էր Յատուկ Կոմիտէի առջև, և դրանով յատկապես մտահոգուած էր Արամը: Նրա գլխաւորութեամբ զինուոարական իշխանութիւնները զօր. Սիլիկեանի ղեկավարութեամբ և Դրոյի աջակցութեամբ կազմակերպեցին ու կարգաւորեցին հայկական զօրամասերը, որոնք պիտի պաշտպանէին հայրենի հողը ռուսների ետևից չարախնդութեամբ առաջ խաղացող թշնամուց: Այդ թշնամու ձեռքերը շա’տ երկար էին: Նա իր անհաշիւ գործակալների միջոցով ուղղակի տակն ու վրայ էր անում Անդրկովկասի կեանքը՝ յենարան ունենալով Կովկասի մահմետականներին ու որպէս զէնք ծառայեցնելով նրանց իր նուաճողական քաղաքականութեան համար։
Թուրք գործակալները յատուկ եռանդ էին ցուցահանում Երևանի նահանգում, յատկապէս Արարատեան Դաշտում: Նրանք գրգռում ու ոտքի էին հանում տեղական մահմետականներին իշխանութեան դէմ, ամէն տեղ խռովութիւններ էին առաջ բերում, փճացնում էին հաղորդակցութեան միջոցները, կտրում էին ռազմագիտական գծերը ու ամէն կերպ դժուարացնում-խանգարում զօրամասերի շարժումները:
Թուրք բանակի հմուտ ղեկավարները նման միջոցներով ձգտում էին շփոթ վիճակ ստեղծել նոր կազմակերպուող հայոց իշխանութեան համար ու այդպիսով դիւրացնէլ իրենց յաղթանակը: Ու նրանք իրենց սև գործերում մեծապէս յաջողում էին, որովհետև տեղական մահմետական բնակչութեան համակրանքը ամբողջովին նրանց կողմն էր, իսկ մահմետականները Երևանի նահանգում պատկառելի թիւ էին կազմում: Այն ժամանակ Երևանի նահանգի 1.120.242 բնակիչներից 660.871 հայեր էին, իսկ 373.582 թուրքեր, մնացածը՝ քրդեր, եզիդիներ, ռուսներ:
Այդպիսով Երևանի նահանգը, գլխաւորապէս Արարատեան Դաշտը, մատնուէլ էր անիշխանութեան, քաոսային վիճակի:
Պէ’տք էր պայքարել այդ ամէնի դէմ յաղթահարել ու կարգ հաստատել երկրում: Այդ ամէնի համար անհրաժեշտ էր կազմակերպական մեծ շնորհք, վճռականութիւն, կամք և քաղաքական հեռատեսութիւն: