Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բնութիւնը լիառատ ձեռքով այդ բոլոր յատկութիւններով օժտել էր Արամին: Այլապէս անհնարին է բացատրել Յատուկ Կոմիտէի ու նրան յաջորդող վարիչների Մարմնի յաջող գործունէութիւնը, այն օրերի ծայր աստիճան ծանր պայմաններում: Այդ գործունէութիւն իր բովանդակ ծաւալով ընթացաւ Արամի տիրական ղեկավարութեան տակ:

  • * *

Բացի իր անմիջական պարտականութիւններից, Արամը հասնում էր ամէն տեղ: Եւ ամէնքը ենթարկւում էին նրան՝ առանց դժգոհութեան, քրթմնջալու ու բողոքի: Ենթարկւում էին կատարելապես յօժար կամքով ու մնալով ազատ: Ո՛չ մի գործիչ ճնշման ամենահեռաւոր զգացումը չունէր Արամի թևերի տակ:

Զարմանալի ու բացառիկ էր Արամի բնաւորութիւնը նաև ա՚յդ տեսակէտից: Նրա խորհրդին դիմելը, նրան լսելը, ենթարկուելը՝ բնական էր համարում ճիշտ այնպէս, ինչպէս բնական է համարւում երբ մարդ շարժւում է համաձայն իր բանականութեան ու զգացումների թելադրութեան: Հարկադրանքի հեռաւոր ակնարկ իսկ չկար:

Անշուշտ, ժամանակն էլ իր դերն ունէր: Ահաւոր օրեր էին. լինել-չլինելու հարց էր դրուած ամէնքի առջև, առանց քողի: Այդպիսի ժամանակ կիրքերը մարում են, մոլորութիւնները թուլանում: Այսուհանդերձ, Արամի անձնաւորութիւնը փրկարար դեր էր կատարում: Եւ այս ասելով՝ ես ի նկատի չունեմ Արամի հասարակական-քաղաքական արժէքն ա դերը, որ շա’տ բարձր էին, այլ նրա բնաւորութեան այն գծերը, որոնք ընդհանրապէս կապ չունին բարձր շնորհքի, տաղանդի հետ, բայց կազմում են զարդը ամէն մի տաղանդի և արտակարգ դեր ու հմայք տալիս մանաւանդ հասարակական ջիղ ունեցողին՝ գերազանցապէս համակրելի ու սիրելի դարձնելով նրան:

Խօսքս վերաբերում է Արամի վարուեցողութեան: Արամը գիտէր մարդկանց մօտենալ, նրանց դամարը բռնել ու համապատասխան գործի մղել: Մի գաղտնիք, որ ամէն մի հասարակական գործչի յաջողութեան առաջին և ամենամեծ գրաւականն է կազմում: Այդ գաղտնիքին իր բոլոր ձևերով ու արտայայտութիւններով տիրապետում էր Արամը: Նրան յարգանքով ու սիրով լսում ու ենթարկում էր և’ դաշնակցականը, և’ էսէրը, և’ ժողովրդականը և՚ իր. Արամի ձեռքով անվտանգ դարձած և գործի լծուած բոլշևիկը:

Բացառութիւններ, հարկաւ, միշտ և ամէն տեղ լինում են: Բայց Երևանում այն օրերին բացառութիւններն էլ բացառութիւն էին և չէին խանգարում ընդհանուր գործին: Հասկանալի է, որ խօսքս վերաբերում է ագգային-հասարակական ցաւերով ապրողներին:

Այսպիսով, Արամը, Երևան գալով, անհաւատալի կարճ ժամանակում քաղաքում ստեղծեց մի մթնոլորտ, որը, եթե կարելի է այսպես ասել, յագեցած էր աշխատանքով: