Արամը արտակարգ շնորհք ունէր մարդկանց դնելու այնպիսի վիճակի մէջ, որ նրանք դրսևորէին իրենց հասարակական արժէքի առաւելագոյնը: Թէև Յատուկ Կոմիտէի կազմը դաշնակցական էր, բայց նրա աշխատանքներին ամենաեռանդուն կերպով մասնակցում էին ամէնքը: Եթէ մի կողմ թողենք Արամին, պէտք է ասել ու խոստովանել, որ դաշնակցականներին հաւասար, յաճախ աւելի և ոչ պակաս, գործ էին կատարում ժողովրդականները: Մասնաւորապէս պարենաւորման և ելևմտական խնդիրները մեծ մասամբ ծանրացած էին վերջինների վրայ ու մարդիկ աշխատում էին մեծ եռանդով մինչև վերջին հնարաւորութիւն:
Յատուկ Կոմիտէի շուրջ ստեղծուել էր մի մթնոլորտ, ուր տենդոտ գործ էր կատարւում օրն ի բուն: Աշխատում էին սիրով, համերաշխութեամբ՝ առանց նյութական վարձատրութեան (խօսքս սովորական պաշտօնեաների մասին չէ): Եւ առանց վերապահութեան պէտք է ասեմ, որ այդ մթնոլորտը ստեղծել էր Արամի ներկայութիւնը: Բոլոր աշխատողները, պատասխանատու թէ երկրորդական, մի տարօրինակ՝ չտեսնուած վերաբերմունք ունէին նրա հանդէպ: Ստեղծուել էր մեծ ընտանիքի պէս մի բան, որի անդամները ժրաջան մեղուի պէս աշխատում էին օրն ի բուն: Այդ ընտանիքի մեծ հայրը Արամն էր, որը ամէն տեղ էր՝ իր խորհուրդներով, ցուցմունքներով, հրահանգներով ու հրամանով:
* * *
Մի քանի խօսք էլ Արամի ապրուստի մասին: Յիշեցի արդէն, որ նրա անձնական կեանքը շատ ողորմելի կը լինէր, եթէ նրա մասին հոգ տանող չլինէր: Եւ, իրօք, այդ մարդը իր մասին մտածել չգիտէր: Որտե՞ղ ապրել, ի՞նչ ուտել, ի՞նչ հագնել,- հարցեր էին, որոնք քիչ էին զբաղեցնում նրան: «Մի կերպ կ՚ապրենք, չենք մեռնի»,- այս էր նրա սովորական խօսքը:
Յատուկ Կոմիտէի անդամներս միաժամանակ պաշտօնով կապուած էինք որևէ հիմնարկութեան հետ: Այնպէս որ, թէև Յատուկ Կոմիտէից ռոճիկ չէինք ստանում, բայց ստանում էինք այլ տեղից, որով և պահում էինք մեր գոյութիւնը: Արամը որևէ տեղից ռոճիկ չէր ստանում և ապրում էր զրկանքներով: Այդ մասին խօսեցի հետը:
«Թիֆլիսում, կարծեմ, մի բան նշանակել են, կ՚ուղարկեն, դատարկ բաներով մի մտահոգուիր», եղաւ պատասխանը:
Խօսեցի Յատուկ Կոմիտէի նախագահ Մ. Մուսինեանի հետ, որը վերին աստիճան գործունեայ, եռանդուն, ընդունակ ու շիտակ բնաւորութեան տէր մարդ էր՝ յարգուած ու սիրուած Երևանի հասարակութիւնից: Նա իր ամբողջ ժամանակը նուիրել էր Ազգային Խորհրդին: Անկուսակցական էր, բայց շատ էր յարգում ու գնահատում Արամին, սակայն նրա ներքին կենաքին, նիստ ու կացին տեղեակ չէր: Խիստ զարմացաւ:
Թիֆլիսի հետ մեր յարաբերութիւնները հաղորդակցութեան տեսակէտից այնպէս էին, որ այնտեղից «ամսական» ստանալու մասին մտածելը միամտութիւն էր: Ես առաջարկեցի, որ Յատուկ Կոմիտէն մի որոշ գումար