յանձնում են մէկին՝ կապելով նրա հետ երկրի փրկութեան գործը: Ազգային Խորհուրդը պէտք չէ գնայ այդ ճանապարհով և ինքը, թէև դրսի աչքում «դիկտատոր», բայց ոչ մի փոփոխութիւն չի մտցնելու գործող հաստատութիւնների մէջ, ամէն ինչ գնալու է նոյն ճամբով, երկրի տէրը մնալու է Ազգային Խորհուրդը:
Հետևեալ օրը, երեկոյեան, Հ. Յ. Դաշնակութեան Երևանի Կ. Կոմիտէի նիստում էլ խօսք եղաւ նոյն խնդրի մասին: Արամը այստեղ ևս արտայայտուեց նոյն իմաստով:
«Առանց Կ. Կոմիտէի խորհրդի ու տրամադրութեան, առանց Ազգային Խորհրդի գիտութեան հաւանութեան՝ ոչինչ չի կատարուի,- ասաց նա: Բնածին դեմոկրատ էր:
* * *
Յատուկ Կոմիտէի գործին անցնելու հէնց առաջին օրից Արամը հասարակական կարգերը ոտնահարողների նկատմամբ շատ որոշ դիրք բռնեց:
1918-ի սկիզբներն էին: Ռուսական մեծ յեղափոխութեան մեղրամիսն արդէն անցել էր. հին օրէնքներն ու իշխանութիւնը վերջացել էին, իսկ նորերը դեռ սահմանուած ու կազմակերպուած չէին: Այդ անցողական ու որոնումների, միաժամանակ լքումների ու յուսահատութեան շրջանում շատ շատերի համար այլևս հեղինակութիւն չէր մնացել: Թուլացել էին բարոյական զսպանակները, և մոլի կրքերն ու ստոր բնազդներն էին արտայայտում՝ յենարան ունենալով բիրտ ուժը ու լկտի յանդգնութիւնը:
Արարատեան Դաշտի քաղաքական այս անստոյգ, խառնաշփոթ վիճակը նպաստաւոր պարագայ էր չարագործների ու սրիկաների համար: Արամը անխնայ ու անողորմ էր հասարակական նման տականքների հանդէպ: Չոլախ Գէորգի պարագան ցոյց տուեց, որ Արամը չպիտի խնայեր անդամ դաշնակցական երբեմն աչքի ընկած մարտիկներին, եթէ ի չարն գործ դնէին իրենց դիրքը:
Չոլախ Գէորգ: Իր յանդգնութիւնը չափ ու սահման չուներ: Նրա անունը սարսափ էր ազդում շատերին: Անգամ իր նախկին խմբապետը՝ յայտնի մարտիկ Դալի Ղազարը քաշւում էր նրանից: Միակ մարդը, որի հեղինակութիւնը ան անվերապահօրեն ընդունում էր՝ Արամն էր: Գայլի մազ ունեցող Գէորգը գառ էր դառնում, երբ մօտենում էր Արամին և հետը խօսում: Ո’վ գիտէ, գուցէ բնազդով զգում էր, որ Արամը միակ մարդն էր, որի ձեռքը կարող էր պատուհասել իրեն:
Նրա ալան-թալանի ու սրիկայութիւնների մասին Արամը, ի հարկէ, գիտէր: Ոչ թե երես չէր տալիս, այլ սաստ ու չոր լեզու ունէր նրա հանդէպ: Յիշում եմ, թէ ինչպես էր Գէորգը խնդրում ինձ տեսակցութիւն յաջողցնել Արամի հետ՝ իրեն արդարացնելու համար:
Միայն մի անգամ համաձայնեց Արամը ընդունել նրան իր բնակարանում։ Գէորգը խնդրում էր չհաւատալ իր մասին տարածուած չարամիտ լուրերն և, երեսը պարզ անելու համար, տալ իրեն որևէ ծանր ու պատասխանատու