Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(օրինակ՝ Շարապխանէ գնալ և ռազմամթերք բերել այնտեղ մնացած ռուսական հարուստ զինապահեստներից): Արամը մերժեց՝ ասելով թէ գոհ կը լինի, եթէ հասարակութիւնից այլևս գանգատ չլսի նրա մասին:

Այնուամենայնիւ, յետագայում Արամը մի յանձնարարութիւն տուեց Գէորգին: Եւ ահա թէ ինչպէս:

Այն օրերին ոտքի էին կանգնել նաև Ղարաբաղի և Զանգեզուրի թուրքերը, որոնց հետ շարունակական պայքարի մէջ էին տեղական հայերը: Այնտեղից պատգամաւորութիւն էր եկել Երևան: Այդ պատգամաւորութեան՝ Ազգ. Խորհուրդում տուած զեկուցումից պարզուեց, որ տեղական թուրքերը Ատրբէջանի և Թուրքիայի գործակալների դրդումով յարձակւում են հայ գիւղերի վրայ և ահաբեկում շրջանը: Շրջանի անցուդարձի մասին տեղեկութիւն տալով՝ պատգամաւորները խնդրում էին նաև օգնութիւն ռազմամթերքով:

Որոշուեց առաջին հերթին Զանգեզուր ուղարկել երեք հարիւր հրացան ու կէս միլիոն փամփուշտ: Եւ որովհետև օգնութիւնը շտապողական էր, ուստի այդ ռազմամթերքն ուղարկուեց ոչ թէ աւելի ապահով, բայց երկար ճանապարհով՝ Նոր Բայազիտ-Վայոց Ձոր (Դարալագեազ) գծով, այլ աւելի կարճ երկաթուղով, որն անցնում էր Շարուրով՝ թրքաբնակ վտանգաւոր շրջանով:

Ահա այստեղ էր, որ Արամը յանձնարարեց Չոլախ Գէորգին՝ իր խմբով ուղեկցել Զանգեզուրի համար Նախիջևանի գծով ռազմամթերք տանող գնացքին: Գէորգը յանձն առաւ, բայց ինքը անձամբ չգնաց խմբի հետ՝ ծածկելով այդ բանը Արամից:

Ռազմամթերք տանող գնացքը Շարուրում ենթարկուեց խորտակման ու կողոպտուեց թուրքերի ձեռքով:

Լուրը հասաւ Երևան, և բացուեց Գէորգի խաբեբայութիւնը:

Այդ դժբախտ լուրը երևան հասնելու յաջորդ օրը, վաղ առաւօտեան, երբ ըստ սովորականի մտնում ի Ազգային խորհրդի ընդհանուր գրասենեակը, լսեցի Արամի ջղայնոտ, բարձր ձայնը հարևան Յատուկ Կոմիտէի նախագահութեան սենեակից: Գրասենեակի պաշտօնեաներից դեռ ոչ ոք չէր եկել: Արամի ձայնի վրայ, արագութեամբ ներս մտայ ու զարմացած կանգ առի: Առաջին անգամն էի տեսնում Արամին այդ աստիճան վրդովուած, զայրացած վիճակում: Ջղայնացած անց ու դարձ էր անում փոքրիկ սենեակում անկիւնից անկիւն և ձեռքը թափահարելով յանդիմանում ու նախատում էր կահափայտի վրայ յենուած ու բոլորովին գունատուած Չոլախ Գէորգին:

Սենեակում, պատի մօտ, գլխակոր, լուռ կանգնած էին երկու-երեք այլ խմբապետներ: Արամի վրդովմունքը անզուսպ էր: Նա ուղղակի թոյն էր թափում Գէորգի գլխին նրա «աննամուս» վարմունքին համար: Սենեակի մթնոլորտը ծանր եկաւ ինձ: Դուրս եկայ ու նստեցի հարևան սենեակում: պարզ յիշում եմ Արամի վերջին խօսքերը.