Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ես կ՚անիծեմ այն ժողովրդի հէրը, որ շան սատակ չի անի քեզ պէս դաւաճաններին»:

Եւ դուրս եկաւ՝ աղմուկով ծածկելով դուռը մնացածների երեսին:

Քիչ յետոյ ներս մտայ: Այդ սենեակում աշխատում էինք ես և Մուսինեանը: Սենեակում մնացածները կանգնած էին նոյն սառած վիճակում։ Լռութիւնը խզեց Եապոնը․

«Չոլախ, շան որդի, բոլորը քո... է. էս թուրքը տանել կը լինի՞․․․»:

Դրանից յետոյ Չոլախ Գէորգը չուղղուեց: Նա շարունակում էր իր աւազակութիւններն ու շահատակութիւնները Երևանի շրջանում: Իր վերջը եղավ ողբերգական․ նա գնդակահարուեց Արամի հրամանով: Այդ մասին Արամը յայտնեց իրեն դիկտատոր ընտրողներին ուղղած ճառում, երբ հասարակութեան միջից բողոքի ձևով Գէորգի տղաներից մէկը հարց տուեց թէ՝ կարելի՞ բան է օրը ցերեկով քաղաքի փողոցում մարդ խփել: Արամը պատասխանեց այն մտքով թէ՝ ով որ ներկայ բացառիկ ծանր պայմաններում չի ենթարկուի երկրի իշխանութեան ու կը հետևի Գէորգի օրինակին, նոյնպէս կը գնդակահարուի:

Գէորգի օրինակը, ինչպէս յիշեցի, ցոյց տուեց, որ Արամը չէր խնայում ու չպիտի խնայէր անդամ դաշնակցական անուանի զինուորներին ու խմբապետների, երբ նրանք մոռանում էին իրենց պարտականութիունները հասարակութեան հանդէպ ու չարիք էին դառնում նրա գլխին: Ու հասարակութիւնը ջերմօրէն ողջունում էր Արամի նման քայլերը:

Արամի դիկտատոր ընտրուելու առիթով կայացած Ազգ. Խորհուրդի արտակարգ նիստում, երբ խօսք բացուեց նաև Գէորգի գնդակահարութեան մասին, Խորհրդի նախագահը (Գ․ Տէր Խաչատրեան), որ ժողովրդական կուսակցութեան անդամ էր, Ազգ․ Խորհրդի անունից հաւանութիւն յայտնեց Արամի նման վարմունքին այն բոլոր տարրերի հանդէպ, որոնք հակաօրինական վարք ու բարքով այս ծանր օրերին դժուարացնում են իշխանութեան գործը և այդպիսով նպաստում թշնամու դավերին:

Արամը պատժում էր ոչ միայն անհատները, երբ նրանք լրբանում էին ու շահատակութիուններ անում: Ոչ պակաս վճռականութեամբ նա պատժում էր և ամբողջ գիւղեր, երբ նրանք հրաժարւում էին իրենց պարտականութիւնը կատարել Հայրենիքի հանդէպ այն օրերին, երբ Հայրենիքն ահաւոր վտանգի առջև էր կանգնած: Զօրքի պարենաւորումը դժուարին հարցերից մէկն էր: Հացը պակաս էր ու դժուարութեամբ էր ճարւում: Հայ գիւղը անտրտունջ ու գիտակցաբար տալիս էր, ինչ որ նրանից պահանջւում էր: Բայց Եղուարդ գիւղը, որ շրջանի հնձառատ գիւղն էր համարւում, մերժեց տալ իր բաժին հացը բանակի համար:

Արամը հրամայեց Ազգ․ Խորհրդի գուարտիայի պետ Աբարանցի Մաթէոսին պաշարել այդ գիւղը և ռմբակոծել: Երբ թնդանօթները գոռացին, Եղուարդը խելքի եկաւ ու տուեց՝ ինչ որ իր պարտքն էր և ինչ որ պահանջւում էր զօրքի համար: