Սակայն, Արամի նախատեսութիւնը արդարացաւ: Կարճ ժամանակ անցած, սպայական շրջաններից սկսեցին դժգոհութեան ձայներ լսուել թէ՝ որքան էլ յարգելիս ու գնահատելիս լինէին Արամին, այնուամենայնիւ, զինուորական վարիչը զինուորական մասնագէտ պետք է լինէր:
Արամը Հ. Յ. Դ. Երևանի Կ. Կոմիտէում նորից բարձրացրեց Զինուորական վարիչի պաշտօնը զինուորականի յանձնելու հարցը և այս անգամ կտրուկ և անառարկելի ձևով:
Կ. Կոմիտէի հէնց նոյն նիստում որոշուեց դիմել զօրավար Սիլիկեանին՝ նրա տրամադրութիւնը իմանալու համար և՝ համաձայնութեան դէպքում՝ Ազգային Խորհուրդի անունից նրան առաջարկելու զինուարական վարիչի պաշտօնը:
Կ. Կոմիտէի յանձնարարութեամբ ես այդ առթիւ եղայ զօրավար Սիլիկեանի մօտ: Ահա մեր խօսակցութիւնը էական գծերով․-
-Ինչո՞ւ է Արամը հրաժարւում,- հետաքրքրուեց զօր. Սիլիկեանը, նախապէս հրաժարուելով իրեն առաջարկած պաշտօնից:
Երբ պատճառն իմացաւ, ասաց, որ լսել էր այդ դժգոհութիւնները, բայց ոչ մի արժեք չէր տուեր նրանց:
-Դա ժամանակաւոր բան է: Դժգոհները չեն ճանաչում Արամին: Երբ ճանաչեն, կը համոզուեն, որ ներկայումս նա միակ կարող մարդն է այդ պաշտօնի համար: Ես ինչո՞ւ եմ հրաժարւում. որովհետև մէկ է՝ ես ինքս առանց Արանի ոչինչ չեմ անելու: Ես այժմ էլ առանց Արամի հետ խորհրդակցելու՝ ոչ մի կարևոր քայլ չեմ առնում, իսկ վարիչի պաշտօնը յանձն առնելու պարագային, գրասենեակս տեղափոխելու եմ նրա մօտ: Ո՚չ մի զինուոարական վերարկու ոչ ոքի չի տայ այն, ինչ որ ունի Արամը: Նրանից յարմար վարիչ մեզ համար չեք գտնի: Ես ինքս անձամբ կը խնդրեմ, որ նա չթողնի այդ պաշտօնը:
Եւ Արամը մնաց իր պաշտօնում: Նրան փոխարինող չգտնուեց:
Շատ բնորոշ է նաև Յովհաննես Մելիքեանի վերաբերմունքը դէպի Արամը:
Յ. Մելիքեանը Ժողովրդական կուսակցութեան ականաւոր դէմքերից էր Ազգային Խորհրդի օրով սկզբից մինչև վերջ ամենագործունեայ աշխատողներից՝ վարելով միշտ պատասխանատու ու ծանր պաշտօններ: Պարենաւորման ու ելևմտական հարցերում Մ. Մուսինեանի հետ անփոխարինելի գործիչներ էին: Առիթներ եմ ունեցել լսելու նրա կարծիքը այս կամ այն պարագայում՝ Արամի մասին: Բնաւ չափազանցութիւն չի լինի, եթէ ասեմ, որ Ժոդովրդական կուսակցութեան այդ ներկայացուցիչը՝ Յ. Մելիքեանը աւելի շատ էր գնահատում Արամին, քան մենք՝ դաշնակցականներս: Անսահման հաւատ ու վստահութիւն ունէր դէպի Արամի կարողութիւնները և տեղը եկած դէպքում՝ անխառն հիացմունքով էր խոսում նրա մասին: