Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ խօսակցութիւնը տեղի էր ունենում Արամի առանձնասենեակում, յետագայում պարլամենտի նախագահութեան սենեակը: Արամը նստած էր՝ գլուխը յենած ձեռքերին:

Ես այն տպաւորութիւնն ունէի. որ տրուած առաջարկութիւնը և այդ առթիւ եղած խօսակցութիւնը նրան բնաւ չէին զբաղեցնում: Մէկ էլ վեր կացաւ տեղից և, կարծես ընդհատելով իր միտքը, հանգիստ ու տխուր ձայնով ասաց, թէ իրեն համար անհնարին, անըմբռնելի բաներ ենք մտածում, թէ իրեն համար գերադասելի է տաճիկների ձեռքով կախաղան բարձրանալ Ազգային Խորհրդի շէնքի առջև (մատով ցոյց տուեց շէնքի դիմաց), քան հեռանալ քաղաքից: Ապա աւելացրեց, որ քաղաքից հեռանալու մասին չէ, որ պէտք է մտածել, այլ քաղաք փրկելու մասին:

Սակայն, քաղաքը և երկիրը փրկեցին յետագայ բարեյաջող քաղաքական դէպքերը՝ Հայաստանի սահմաններից դուրս, որուն մասին խօսելը դուրս է մեր նիւթի սահմաններից:

Մինչև Թիֆլիսում կազմուած Քաջազնունիի կառավարութեան Երևան տեղափոխուելը (1918, Յուլիս 19), «Երևանի կառավարութեան» (իմա նախ Յատուկ Կոմիտէ, ապա՝ Վարիչների Մարմին, Ա.Ա.)ի վերջոյ յաջողուեց մաքրել ռազմական նշանակութիւն ունեցող գլխաւոր ճանապարհները, խռովութիւնների բոյն ծառայող թրքաբնակ վայրերը (երկաթուղագծի և ընդհանրապէս հաղորդակցութեան շրջաններու, Ա.Ա ) և որոշ կարգ ու կանոն հաստատել իրեն ենթակայ շրջաններում։ Նա միջոցներ ձեռք առաւ դասալքութեան և աւազակութիւնների դէմ: Նրա տրամադրութեան տակ կային 10-12.000 բաւականին մարզուած զինուորներ: Նիւթական դրութիւնը կարգաւորելու համար, պարտադիր տուրք դրեց ժողովրդի վրայ, որը տալիս էր անտրտունջ, անգամ սիրով «երկար պոչերով» քաղաքացիները հերթաշար էին կազմում Ազգային Խորհրդի շէնքի մուտքի առաջ՝ իրենց վրայ դրած տուրքը վճարելու համար: «Երբէք, գուցէ, հայ կենաքում իշխանութիւնը և հասարակութիւնը այնքան համերաշխ միութիւն չէին կազմել քան 1918 թուի գարնան ու ամառուան պատմական ամիսներին Արարատեան Դաշտում, Մասիսի հովանու տակ» (Ս. Վրացեան, «Հայաստանի Հանրապետութիւն», Բ. տպագրութիւն, էջ 137):

Այդ իրօք բացառիկ համերաշխութիւնը ստեղծել էր Արամի ներկայութիւնը, որով հնարաւոր եղաւ ընդամէնը վեց ամսուայ ընթացքում այնքան ծանր պայմաններում գլուխ հանել այն ամէնը, որի մասին խօսք եղաւ վերը:

Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ կառավարութեան մէջ Արամը ստանձնեց ներքին գործոց նախարարութիւնը, որի մէջ մտնում էին լուսաւորութեան և պարենաւորման բաժանմունքները:

Ընդհանրապէս ներքին գործոց նախարարի պաշտօնը պատասխանատու պաշտօն է համարւում: Սակայն, այդ պաշտօնի պատասխանատուութիւնը բազմապատիկ մեծանում է, եթէ աչքի առջև ունենանք ընդ