Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հուր և ընդ սուր անցած նորաստեղծ Հայաստանի Հանրապետութեան ներքին վիճակը.

«Այո. արցունքի ու արտասուքի ծովից ծնուեց Հայաստանի անկախութիւնը: Ոմանք չէին հաւատում նրան: Անկախութիւն և հանրապետութիւն բառերը դնում էին չակերտների մէջ: Եւ այդպէս վարւելու հիմքերը շատ էին զօրաւոր: Իրօք որ, զարհուրելի էին պայմանները, և անկախութիւնը այդ պայմաններում թւում էր հեգնանք:

Փաստօրէն հայերի ձեռք մնացել էր մի փոքրիկ հողաշերտ՝ հազիւ 12 հազար քառ. կիլոմետր աղքատ ու կիսակործան մի երկիր՝ կծկուած ցամաք լեռների մէջ, աշխարհի խուլ անկիւնում, ծանրաբեռնուած գաղթականներով ու որբերով, շրջապատուած ատամ կրճտացնող թշնամիներով, անհաց, անտեր, անօգնական: Սով ու հիւանդութիւն, աւար ու աւեր, լաց ու թշուառութիւն, կոտորածի սարսափ» (Անդ, էջ 117): Իսկ անողորմ թշնամու բանակի առաջամասերը կանգնած էին Հայաստանի մայրաքաղաքից ընդամէնը մի քանի կիլոմետր հեռու:

Ահա այդ պայմաններում Արամը յանձն առաւ ներքին գործոց նախարարի պաշտօնը: Ս. Վրացեանը աւելի քան իրաւունք ունի երբ գրում է, որ Արամը «միակ մարդն էր, որ այդ օրերին ընդունակ էր կարգ ու անդորրութիւն պահել երկրում և պետական շինարարութեան սկսել» (Յուշապատում Հ. Յ. Դաշնակցութեան, էջ 467):

Սակայն, ի մեծ դժբախտութիւն բոլորիս, Արամին այլևս վիճակուած չէր այս անգամ ևս ադարացնելու իր հետ կապուած յոյսերը. նրա օրերը համրուած էին...

Հայաստանի Հանրապետութիւնը, ինչպէս տեսանք, ծնունդ առաւ արտակարգօրէն ծանր պայմաններում: Հանրապետութեան գոյութիւնն ու զարգացումը ապահովելու համար անհրաժեշտ էին նոյնպէս արտակարգ, ոչ սովորական միջոցներ: Արամի միտքը, որքան ես հասկանում էի նրան, աշխատում էր այդ ուղղութեամբ: Սակայն, նրա կեանքի թելը կտրուեց շատ շուտ, և նա հնարաւորութիւն չունեցաւ իրականացնելու իր մտածումները - մտադրութիւնները:

Իր այդ մտածումները Արամը որոշ չափով արտայայտեց մի դէպքի կապակցութեամբ, որի պատմութիւնը անտեղի չեմ համարում բերել այստեղ: Մանաւանդ, որ դա կապ ունի Ռուբէնի մի վարմունքի հետ անկախութեան գրեթէ առաջին օրերին,- Ռուբէնի, որը հոգով-սրտով Արամի հետ էր լինեու նրա ծրագիրների իրագործման մէջ, ինչպէս որ Արամ Ռուբէնի հետ էր վերջինի ձեռնարկած ու գլուխ հանած ազգային-պետական անմահ գործի՝ հանրապետութիւնը թշնամի տարրերից մաքրագործուելուն մէջ:

Այդ պատմութիւնը, որ որոշ կրճատումներով անելու եմ վարը, ես բերել եմ իմ անձնական յուշերում Ռուբէնի մասին «Հայրենիք» ամսագրում, 1954 Յուլիս: