Արիստաքին դարձեր էր քաղաքի երևելիներեն մեկը, անիկա իր սեփական կառքով կուգար արհեստանոց. ձմեռը կբնակեր Բերա, Մեծ փողոցի վրա, Թագսիմի մոտ, իր կառուցած եռահարկ քարաշեն տանը մեջ, իսկ ամառները կանցուներ վերին Վոսփոր, Թարաբիա, ուր օտար դեսպանատուներու ամառանոցային ապարանքներուն մոտ գեղեցիկ վիլլա մը ուներ։
Զարեհ էֆենդին ըսեր էր Խաչիկին, որ ինքը Արիստաքի էֆենդիեն հեռացավ, որովհետև չդիմացավ և չկրցավ հանդուրժել անոր անարդարություններուն իր աշխատավորներու նկատմամբ:
— Ինձ հետ լավ էր,— կըսեր Զարեհ էֆենդին ինքնաբավ երևույթով,— ինչ որ ուզեի՝ կըներ, դեռ նույնիսկ— բայց այս խոսքը մեր մեջը մնա— ժամանակով, երբ ես ու աղջիկը ամուրի էինք, ինձ առաջարկություն ըրավ։ «Այդ ինչպե՞ս կըլլա, Արիստաքի էֆենդի,— ըսի իրեն,— դուն՝ հույն, ես՝ կաթոլիկ»։ «Է՛հ,— ըսավ անիկա,— եթե ուզենք, կըլլա, այդ բաները ախմախներուն համար են, մենք ինչ ուզենք՝ կընենք, ո՞վ կհամարձակի մեզի հօշտ ըսել»։ Բայց ես մերժեցի,— կըսեր Զարեհ էֆենդին,— որովհետև զզված էի այդ անպատիվ մարդեն—դարձյալ խոսքը մեջերնիս, այդ տարիքին, կնկա, ընտանիքի տեր մարդ, մանթոնիթա մը առեր նստեր էր: Է՛հ ես ատանկ խայտառակություն չեմ կրնար վերցնել,— կըսեր Զարեհ էֆենդին, զզվանքի ծամածռություն մը ընելով,— մարդուս առաջին հարստությունը պատիվն է։
Շատ շուտով Խաչիկը հասկցեր էր ոչ միայն Զարեհ էֆենդիին կեղծիքները, այլև տեսեր էր, որ ոչ մեկ բանով ետ չէր մնար Արիստաքիեն, որուն իրական անսրտության և չարաչար շահագործման մասին ամեն օր կլսեր Արիստաքիի արհեստավորներու բերնեն, սրճարանին մեջ, ուր կհանդիպեին իրարու։ Միայն թե Զարեհ էֆենդիին կերպերը ուրիշ էին, ավելի նուրբ էին։
Զարեհ էֆենդին առաջին տարիներուն դեռ չէր կրնար ուղղակի մրցումի մտնել իր նախկին պատրոնին հետ և կբավականանար իր մրցակցի ձեռքեն խլել լավագույն արհեստավորները, կեղծ կարեկցությամբ, անհատապես համաձայնելով և ավելի բարձր աշխատավարձ խոստանալով։