Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մասամբ Խաչիկին հատկությունները օգտագործելու համար, մասամբ ալ իր դրամագլխի քանակին պատճառով Զարեհ էֆենդին ձեռնարկեց իր արհեստանոցին մեջ պատրաստելու ապարանքներու և մեծահարուստներու պարտեզներու համար երկաթյա քանդակված կամ ժանյակի նման նուրբ ծակոտկեն դռներ և ցանկապատեր, փականքներ, դռան և պարտեզի լամպա կրող երկաթյա լապտերներ և այլ այդ կարգի իրեր։ Խաչիկի ղեկավարությամբ, արհեստանոցը կհասներ, երբեմն, ապշեցուցիչ արդյունքներու։ Բայց նույնիսկ սուլթանական ապարանքը և, մանավանդ, կայսերական ընտանիքի անդամները այլևս առաջվա նման չէին կրնար մեծ ծախսեր ընել: Ուր էին այն ժամանակները, երբ Վոսփորի ափունքներու վրա պալատները կբարձրանային կարծես մոգական գավազանի հարվածով։ Զեխ, շռայլ, պերճասեր սուլթաններու, որոնք երկրին աղբյուրները ցամաքեցուցեր էին իրենց սալթանաթին համար, հաջորդեր էր վտիտ, մելամաղձոտ և անգութ սուլթան մը, որ հալածվելով մահվան արհավիրքեն, զառանցական կյանք մը կապրեր, մահ և սարսափ սփռելով ամբողջ երկրին մեջ։ Շատ մը էսնաֆներ, ինչպես որմնանկարիչները, քանդակագործները, ճարտարապետները, կահագործները, դիվալճիները, ոսկերիչները, չքացեր կամ աղքատացեր էին, և անոնց փոխարեն ուռճացեր և բարգավաճեր էր լրտեսներու և պրովոկատորներու ցեղը։

Նորությունը, շինված իրերու բացառիկ գեղեցկությունը, առաջին տարիներուն ապահովեց Զարեհ էֆենդիին հաճախորդները։ Բայց այդ կարգի հաճախորդները ոչ միայն գեշ վճարողներ էին, այլև հետզհետե ցանցառ կդառնային։ Զարեհ էֆենդին հառաչանքով կդիտեր, որ Արիստաքին օրեօր կբարգավաճեր, և ինքն ալ զանազան հնարքներ կմտածեր ճար մը գտնելու և խոշոր դրամագլուխ մը ձեռք բերելով՝ իր գործը դնելու համար լայն հիմքերու վրա։ Անիկա կմտածեր կառքերու շինության, որ բանուկ և անսպառ գործ էր։

Այդ առիթը վերջապես ներկայացավ։ Զարեհ էֆենդին ամուսնացեր էր փոքր դրամօժիտով աղջկան մը հետ, որ, սակայն, հարուստ էր ժառանգության մը հույսով։ Երբ, վերջապես, Զարեհ էֆենդին տիրացավ կնոջը ժառանգության, անմիջապես իրականացուց իր ծրագիրը։