Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարպային։ Հետո, մեկ-մեկ, առանձնասենյակին դուռը կբացվեր, և կիներ, երեխաներ գլուխնին ներս կմտցնեին և անհամբերությամբ կնայեին Բարպային։ Երբեմն ալ փոքրիկ սիրուն աղջիկ մը կերևար և կըսեր թերխաշ լեզվով.

— Ա՜հ, ներողություն, մոբար, չէի գիտեր, որ հյուր ունիս:

Խաչիկը կշարունակեր խոսակցությունը, բայց հետզհետե սիրտը կսեղմվեր։ Տեսակ մը անախորժ զգացում կգրավեր զինքը: Հանկարծ անդիմադրելի պահանջք կզգար պապենական հնչեղ հայհոյություն մը արձակելու այդ բոլորի հասցեին: Երբ սալոնի կամ ճաշարանի դուռը բացվելով՝ ծիծաղներու, երաժշտության կամ ուրախ խոսակցության շփոթ աղմուկը կհասներ իրեն, սիրտը կեռար զայրույթով և ըմբոստական տրամադրություններ հառաջ կուգային իր մեջ։

Զարեհ էֆենդին կզգար այդ և, զգուշանալով վերջնական մերժում մը ձևակերպելու, խոսակցությունը կիսատ թողնելով կհեռանար։

— Ինձի ներողություն,— կըսեր ան, աջ ձեռքը դնելով կուրծքին վրա և թեթև մը խոնարհելով,— վաղը դեռ կխոսինք։

Սպասուհին կերևար սենյակին դռան առաջ և Բարպային կըկերանար մինչև դուռը, երբ անիկա երկու հոնքերը բարձրացուցած կլսեր, թե ինչպես Զարեհին մուտքը ճաշասրահին մեջ կընդունվեր ցնծագին բացականչություններով։ Բարպան այդ պահերուն սուր կերպով կհասկնար, թե այդ մարդիկը, որոնք կյանքը կվայելեին, ճոխության և ուրախության մեջ կապրեին, բացարձակապես անտարբեր էին ցավերուն և հոգերուն նկատմամբ այն մարդոց, որ իրենց արյունով և քրտինքով այդ հարստությունը կստեղծեին։ Բարպան կզգար, որ ինքը և Զարեհը անհաշտ թշնամիներ են, և թե օր մը, գալիք օրերու մեջ օր մը, ինքը և իրենները պիտի հաղթեին բոլոր զարեհներուն։

— Խերերնին կանիծենք․․․— կմտածեր Բարպան, սիրտը զեղուն հուզմունքով, ցասումով և շփոթ զգացումներով։

Եվ անիկա կքալեր ծանր քայլերով, Բերայի մայթերուն վրայեն, արմնկահարելով խման հույները և հովարդա