Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայերը կհասներ Բանկալթիի ծխոտ-մրոտ սրճարանները, ուր, սակայն կգտներ իր հավատարիմ և ընտանի ընկերները, իր դասակարգի մարդիկը, իր հարազատ եղբայրները:

Արևը դեռ նոր բարձրացեր էր հորիզոնին վրա, երբ Վիկտորյան արթնցուց Միհրանը։ Անմիջապես որ աչքերը բացավ, պատանին երանությամբ հիշեց, որ Մեծ կղզի պիտի երթա։ Բարպան՝ խոժոռ և թիրյաքի, ճերմակ գիշերանոցովը նստեր էր բազմոցին եզերքը և սուրճը կխմեր, միևնույն ատեն ծխելով, այնպիսի ծանր լրջությամբ, որ կարծես թե տանը մեջ ամենուն բախտը կախում ուներ այդ արարողութենեն։

Վիկտորյան, չուզելով իր խոսակցության շշուկով խանգարել Բարպայի մտասևեռումը.— մթնոլորտը այնպես էր, որ կարծես թե դյուրաբեկ բան մը կրնար խորտակվիլ ամենաթեթև մրմունջով,— նշանացի հասկցուց Միհրանին, որ խոհանոց իջնե։ Այնտեղ, օջախին մեջ փայտ վառեր էր և կաթսայով ջուր տաքցուցեր էր, որ Միհրանը լվացվի և հետո հագնի նոր լաթերը։

Մինչև որ Վիկտորյան կպատրաստեր լականը և ուրիշ հարակից իրերը, Միհրանը՝ կեցած խոհանոցի սեմին վրա, կդիտեր պարտեզը, ուր կատուները իրար հետ կկռվեին: Պարտեզը փոքր էր և խոնավ, սեղմված ըլլալով խիտ տուներու ետևի պատերուն մեջ։ Քանի մը պտղատու վտիտ ծառեր, որոնց պտուղները երբեք չէին հասուննար, իրենց բեկ-բեկ ճյուղերը կտարածեին ածուներուն վրա, ուր դժվարավ կբարձրանային տունկերը և հազիվ կհաջողեին տալ գունաթափ շահոգրամներ, մեխակներ և հափրուկներ։

Բայց անոնց փոխարեն Վիկտորյան կռնկենիի թաղար մը դրեր էր խոհանոցի պատուհանին առաջ, տախտակե հենարանի մը վրա, որ անկյունի նպարավաճառին աշկերտը շիներ էր հին արկղներով։ Այդ բարձրության վրա կռնկենին, ընդունելով արևի առավոտյան ճառագայթները, ուռճացեր և