էր անոր համար։ Հետո, կրակարանին վրա կարմրցնելով հացի շերտերը, խաշար պանիրով դրավ պնակի մը մեջ և բերավ սեղանին վրա։ Ինչպե՜ս քաղցր կհնչեին Միհրանին ականջին անոր նալըններուն մանրիկ հարվածները խոհանոցի սալաքարերուն վրա, որոնք, սակայն, այս առավոտ, հակառակ Միհրանի ակնկալության, կարծես թե տխուր կհնչեին։ Այդ նալըններու հնչյունը սալաքարերուն վրա ամբողջ գամմա մըն էր։ Անիկա շատ անգամ Միհրանին կազդարարեր տանը բարոյական բարեխառնությունը։ Անոնք երբեմն ուրախ և հաղթական ռիթմ ունեին, երբեմն առօրյա հանգստավետ բարօրության զգացումը կներշնչեին, երբեմն ցասկոտ էին և երբեմն ալ տխուր։ Երբ Վիկտորյան իր անմիջական գործը ավարտեց, եկավ նստեցավ Միհրանին դեմ և կաթով սուրճին մնացորդը լեցնելով բաժակի մը մեջ, ըսավ․
— Միհրա՛ն, երեկ երկու մեջիդիե ղրկեցի հորդ,— և ուշադիր նայեցավ պատանիին։
Վիկտորյայի բարությունը երանգներ և նրբություններ ուներ։ Անտարակույս ան մտածեց, որ Միհրանին ուրախությունը կրնար պղտորվիլ, եթե մտածեր հորը թշվառ և անփառունակ վիճակին վրա, և կանխելով պատանիին այդ զգացումը, կուզեր անիկա ապահովել, որ այսօր հայրն ալ իր ուրախանալու պատճառը կունենար։ Բայց Միհրանը մղոններով հեռու էր հորը մասին մտածելե։ Հայրը, Իպրաքսեն, Սկյուտարի տունը, մանկության հիշողությունները ցավ և խորշանք կպատճառեին պատանիին՝ Սկյուտար կատարած իր վերջին այցելութենեն ի վեր։ Անիկա պիտի ուզեր, որ այդ բոլորը իսպառ չըլլային, եղած չլլային, որովհետև անոր մեջ տեղավորվեր էր այն անհիմն կասկածը, թե քանի որ կան, քանի որ եղեր են, կրկին կարող են զինքը իրենց մեջ առնել․․․ Երբեմն մղձավանջի պես Միհրանին կայցելեր այն միտքը, թե որևէ չնախատեսված պատճառով զինքը կվերադարձնեն հորը, այսինքն՝ Իպրաքսե հորաքրոջը տունը։ Այդ բոլորի մեջ միայն մորը հիշողությունը տխրորեն քաղցր էր իրեն համար, բայց նույնիսկ մորը պատկերը հեռացեր և նոսրացեր էր անոր մտածումին մեջ։