Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բազմացեր էր. անիկա հատուկ տեսակ մըն էր, պատատուկ ճյուղերով, որոնք մեկ կողմե կթափվեին թաղարի շուրջ բոլորեն և մյուս կողմե կմագլցեին ճկուն ոստերե կազմված կամարաձև նեցուկներու վրա։ Այդ բույսը ուրախ գերագրգռությունով, խելահեղորեն բազմապատկեր էր իր ճյուղերը, որոնք կկրեին, կարծես, մետաղյա, կարծր տերևներ և արյունի գույն, մութ-կարմիր անհամար ծաղիկներ։ Այդ կռնկենի Վիկտորյային խնամքին և հոգածության առարկան էր. կարծես անոր սրտին վառ ծաղիկներն էին, որ առատությամբ, շքեղությամբ և վեհանձնությամբ կծաղկեին համեստ թաղարի մը մեջ և մաքուր խոհանոցին կշնորհեին գեղեցկություն և պերճանք։

Պարտեզի մեջ ճնճղուկները կճռվողեին անընդհատ։ Անոնք կիջնային գետին, կոստոստեին ածուներուն մեջ և կարծես խաղ կընեին դարանակալ կատուներու հետ, որոնք կիսախուփ աչքերով քնանալ կձևացնեին և ապարդյուն կերպով իրենց ուշադրությունը կլարեին շատախոս թռչուններուն վրա, երբ անոնք, հանկարծ, կարծես անհայտ ազդարարություն մը ստանալով, երամով կթռչեին, կհեռանային։

Միհրանին հոգին լի էր ուրախությունով և լույսով, և ամեն ինչ շքեղություն կստանար իրեն համար։ Կարծես թե այդ օր առաջին անգամ կլսեր թռչունները և կդիտեր կռնկենիի թաղարը, խոհանոցի պատուհանները, որոնք կշողշողային արևի ճառագայթներով: Պղինձները, ջուրի խոշոր կուժը, ուրիշ զանազան տեսակի ամանները կժպտեին պատանիին՝ համեղ խորտիկներու խոստումներով։ Միհրանը որկրամոլ չէր, բայց կսիրեր ճոխ սեղանները, որոնց շուջը նստողները ուրախ կըլլան, հոգատար և սիրալիր՝ իրարու հանդեպ, և այդ պարագաներուն կյանքը կներկայանար իրեն այնպե՜ս քաղցր, այնպե՜ս բարի։

Վերջապես, Վիկտորյան, որ ամեն ինչ պատրաստեր էր, կանչեց Միհրանը։ Պատանին լվացվեցավ օճառով և հետո կրկին գիշերանոցը հագնելով, նստեցավ աթոռակի մը վրա, սեղանին առաջ։ Վիկտորյան Միհրանին համար պատրաստեր էր կաթով սուրճ և դեռ բաժակին երեսը ծածկեց ճերմակ և փրփրոտ սերով, որ առաջուց կաթի երեսեն հավաքեր