անիկա հագավ բաճկոնակը և բաճկոնը, որ հակառակ իր չափին վրա շինված ըլլալուն, քիչ մը լայն էր, ինչ որ նշմարելի էր, երբ բոլոր կոճակները կոճկված էին։ Հույն դերձակը դիտմամբ քիչ մը չափերը լայն բռներ էր, ըսելով, թե չոճուխ ըսածդ մեկ օրեն մյուսը կմեծնա և թե քանի որ նյութը խաս կերպաս էր, «ոսկորի պես ամուր», մեղքցեր էր Միհրանին ճիշտ չափովը կտրելու։ Միհրանը տրամադիր էր կոճակները բաց պահելու, այդպես ավելի վայելուչ կգտներ, բայց Վիկտորյան ըսավ անոր, որ մեծերը փոքրերու առաջ երբեմն կրնան իրենց կոճակները քակել, բայց փոքրերը մեծերու առաջ՝ երբեք։
Երբ Միհրանը նուրբ կաշվե և կրկին ներբանով դեղին կոշիկները հագավ, որ կոշկակար Սարգիսը մեծ խնամքով և չափի վրա պատրաստեր էր, և որուն գլխավոր հատկությունը, մեծերու ըսելով, այն էր, թե ամբողջովին ձեռքով կարված էր և ո՛չ մեքենայի կար և ոչ ալ մեկ հատիկ գամ զարնված էր մեջը, Վիկտորյան Միհրանը ոտքի կեցուց և ինքը հեռու երթալով՝ սկսավ դիտել և փաղաքշող խոսքեր ընել պատանիին հասցեին.
— Խաչ որ քիբար տղու կըլմանիս, Միհրան,՛ աղվոր երիտասարդ մը եղար։
Բայց շուտով Վիկտորյայի աչքերը լցվեցան, և անիկա խոր կսկիծով մրմնջեց.
— Վա՜խ քայմենի, մայրդ ողջ ըլլար, հիմա քեզ տեսներ․․․ աս աշխարհս ինչ բոշ աշխարհ է․․․ ջահիլ-ջահիլ ցուրտ հողերը առավ պառկեցավ․․․
Վիկտորյան, առանց սրբելու երեսի վրա գլորվող արցունքները, սկսավ Միհրանին քաղաքավարության խորհուրդներ տալ։ Պատվիրեց, որ եթե իրեն բան մը հրամցնեն, անմիջապես առնե՝ շնորհակալություն հայտնելով։
— Ատ տուներուն մեջ,— ըսավ ան,— անգամ մը որ չուզես, չեն պնդեր, կառնեն, կտանին, և թե այդ կնշանակե, որ չհավնեցար։ Նազ ընելը, մերժելը հին բան է, աշխարքես վերացած։
Անիկա պատվիրեց նաև Միհրանին, որ համարձակ ըլլա,