Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երբ իրեն բան մը հարցնեն, անմիջապես պատասխանե, և դեռ տվավ ուրիշ այդ կարգի պատվերներ․

— Նայե որ, Միհրանի՛կ, մեր երեսը ճերմակ հանես։

Վիկտորյան պատվերներու ուրիշ շարք մը պիտի սկսեր, երբ Բարպան ձայն տվավ։ Երկուքն ալ մտան սենյակը, ուր Բարպան նույնպես պատրաստվեր էր, անիկա հագեր էր գորշագույն կոստյումը և, փոխանակ օսլայած շապիկի, դրեր էր դեղնորակ և սև բարակ գիծերով Բրուսայի մետաքսե շապիկ․ կուրծքին վրա գորշագույն փողկապին ծայրերը ամրացված էին պարզ ոսկի ասեղով, իսկ փողկապին միակ և ցցուն հանգույցը կշրջանակվեր ճկուն և դարձած օձիքի ծայրերով։

Բարպան նայեցավ Սիհրանին և զարմացած մրմնջեց․

— Կարծեցի, որ օտար մարդ մտավ ներս։

Անիկա, կզններ Միհրանը ոտքեն մինչև գլուխը և, մեկ հոնքը թառած ճակտին վրա, կարծես թե բան մը պիտի ըսեր, բայց ոչինչ չըսավ․ ժամանակ ալ չի կար։ Կղզին երբ գացող շոգենավերը քիչ էին, և եթե մեկը կորսնցնեին, հարկադրված կըլլային երկար սպասելու նավամատույցը։ Եվ դեռ բերուքերին պիտի երթային։ Վերջապես ճամփա ելան, մինչ Վիկտորյան իրենց կուտար նուրբ կտավե մեկ-մեկ ճերմակ թաշկինակ։ Բարպան թևովը ֆեսը սրբեց, գլուխը դրավ․ Միհրանն ալ նույնը ըրավ, և իջան սանդուղներեն։

Մինչև որ փողոցին անկյունը հասան, Վիկատորյան, դռանը սեմին վրա, անոնց ետևեն կնայեր հիացած և գորովագին, բայց երբ անկյունը դառնալե առաջ Միհրանը ուզեց անգամ մըն ալ ետև նայիլ, տեսավ որ անիկա դիմացի հույն դրացուհիին հետ կխոսեր և գոգնոցի ծայրովը աչքերը կսրբեր։ Անշուշտ, անիկա Միհրանի մորը մասին էր, որ կմտածեր և կխոսեր։

Միհրանը մորեղբորը հետ կերթար Թաթավլայի փողոցներեն ինքնավստահ, թեթև քայլերով։ Ծանոթներ իրենց կբարևեին, և ոմանք, կանգ առնելով, համակրական խոսքեր կուղղեին և կըսեին.

— Խերը տեսնես, Բարպա՛։

Երբ Շիտակին վրա եկան, իրենց ուղղված նայվածքները