և վիզը բաց էր, բայց Միհրանը կողքեն դիտելով կտեսներ բարակ ոսկի շղթայի մը փայլփլումը։ Ծովի խորքին վրա կանգնած այդ պատկերը կարծես թե շրջագծված էր լուսավոր օղով, որուն մեջ կհալվեր աղջկանը սիլուետը, մանավանդ գլուխը, որուն ոսկեգույն մազի թելերր լույս կուտային և կառնեին։
Բերանաբաց, զմայլված, Միհրանը կդիտեր այդ հրաշալի պատկերը, երբ աղջիկը ոտքերը դոփելով և ծափ զարնելով գոչեց.
— Պաբա՜, պաբա՜․․․
Եվ ցույց տվավ ճայելու երամ մը, որ իրենց թևերով ջուրերը քերեցին և հանկարծ թռան, սլացան դեպի հեռուն։
Հայրը գլուխը բարձրացուց թերթի վրայեն և աղջկանը ժպտելով, նայեցավ ճայերու պարին։
Միհրանին այնպես թվեցավ, որ աղջիկն ալ թևերը պիտի բանա և թռի հեռուները, ճերմակ ճայերուն նման։
Աղջիկը չի թռավ, բայց անոր հարդե լայնեզր գլխարկը, որ հորը ծունկերուն վրա էր, ինկավ գետին և անմիջապես քամին քշեց դեպի կամրջակին մյուս եզրը։ Հայրը նշմարեց և գոչեց.
— Սյուզան, մա շերի․․․
Միհրանը վազեց գլխարկին ետևեն և բռնեց և երբ ետև դարձավ, զույգ մը երկնային կապույտ աչքեր իրեն կնայեին ժպտելով։ Հետո աղջիկը շնորհակալություն հայտնեց, ռևերանս մը ըրավ, մեկ սրունքը թեթև մը ծալելով և փափկությամբ գլխարկը Միհրանի ձեռքեն առնելով, հեռացավ։ Միհրանը քարացած մնացեր էր և նայվածքովը կհետևեր աղջկանը, որ երբ հորը մոտ հասավ, կրկին նայեցավ իրեն ժպտելով։ Այն ատեն հայրը ձեռքը տարավ գլխարկին և Միհրանին ուղղվելով, թեթև մը գլխարկը բարձրացուց։
Ինչպե՞ս պատասխանել հորը և աղջկանը այդ սքանչելի քաղաքավարության։ Պատանին կատաղությամբ կմտածեր, որ իր հիմար ֆեսը հնարավորություն չէր տար հորը նման շարժում մը ընելու։ Հանկարծ զգաց իր անճարակությունը և աչքերը լեցվեցան։ Բարեբախտաբար, այլևս ո՛չ հայրը և ոչ ալ աղջիկը որևէ ուշադրություն չէին դարձներ Միհրանին, որ