Էջ:Բարպա Խաչիկ.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վազեց գնաց մորեղբորը մոտ։ Անիկա կուզեր որևէ կերպով հայտնել իր զգացումները, երբ անսովոր տեսարան մը ուշադրությունը գրավեց։ Ժայռոտ երկրամաս մը, կարմրորակ հողերով, կարծես հանկարծ ցցվեր էր իրենց առաջ և կուգար դեպի շոգենավը։ Քանի այդ երկրամասը կմոտենար իրենց, կդառնար իր մեկ կողին վրա, հետզհետե Միհրանը կտեսներ տուներ, պարտեզներ, փողոցներ և, վերջապես, մարդիկ։

— Կընալը կղզին է,— ըսավ մորեղբայրը։

Շոգենավը հևալով և իր երկու կողերու անիվներով ճերմակ փրփուրներ բարձրացնելով կանգ առավ նավամատույցին աոաջ։ Վարի կամրջակեն շատեր դուրս եկան։ Միհրանը իր ամբողջ ուշտդրությունը սևեռեր էր՝ տեսնելու համար, որ այն հրաշալի աղջիկը դուրս պիտի գա՞ թե ոչ։ Եվ երբ շոգենավը ճամփա ելավ, մեծ շունչ մը քաշեց։

Հաջորդաբար ուրիշ կղզիներ՝ Բուրգազ, Հեյբելի, հայտնվեցան, եկան շոգենավին վրա, կարծես իրենց առանձքին վրա դառնալով։ Երբ Բարպան հայտնեց, որ շուտով մեծ կղզի կհասնին, Միհրանը ուզեց ստուգել։ Աղջիկը նույն տեղն էր իր հորը հետ։ Եվ միայն այն իրողությունը, թե իրենց հետ նույն կղզին պիտի իջնեն, լիուլի բավարարեց Միհրանը և այլևս հանդարտ մնաց մորեղբորը քով։

Երբ, վերջապես, հասան Մեծ կղզի, Բարպան և Միհրանը իջան շոգենավի սանդուղներեն, անցան նավամատույցը և ոտք դրին հաստատ հողի վրա։ Միհրանը տեսավ սպիտակազգեստ աղջիկը, հորը և ուրիշ բարձրահասակ բաց ֊մանիշակագույն զգեստ հագած կնոջ մը հետ, անոնք կհեռանային ճամփուն վրա՝ խոսակցելով։

Բարպան կանգ առավ և մեկու մը հարցուց Մերասյեդի Զարեհ էֆենդիին տունը։ Այդ միջոցին տեսիլքը անհետացավ:

Բարպան և Միհրանը անցան մաքուր փողոցներե, որոնց երկու կողմերը գեղեցիկ վիլլաներ իրենց կանանչ փեղկերով կամ նարնջագույն, կապույտ և կարմիր շերտավոր կտավե արևարգելներով կպարզեին դրախտային կյանք մը։