Ճիզվիտը հետզհետե ավելի եռանդով,— շիտակը, քեզի դեմ վշտացած եմ։
Բարպան հարցական նայեցավ Զարեհ էֆենդիին։
— Դուն ատանկ խնդիր մը ունիս, ինչո՞ւ ինձի բան մը չես ըսեր, պատահա՞ծ է, որ ինձմե բան մը ուզես և ես ալ մերժեմ․ այդ չեղավ, Խաչի՛կ, շիտակը ըսելով, չեղավ․․․ Ավագ ֆրերը իմ մտերիմ բարեկամս է, մեկ խոսքս երկուք չըներ, վաղը առտու, գործի գալե առաջ, կերթամ, կտեսնեմ և ամեն ինչ կկարգադրեմ։
Եվ Միհրանին դառնալով՝ ավելցուց.
— Իսկ դո՞ւն, գո՞հ ես, տղա՛ս։
— Այո՛,— ըսավ Միհրանը շառագունելով և մոտեցավ Ճիզվիտին ձեռքը համբուրելու համար։ Բայց ան մերժեց ձեռքը, որ դրավ պատանիին ուսին և հայրաբար խրատեց.
— Քու շնորհակալությունդ ան կըլլա, որ դուն փութաջան և շնորհքով աշակերտ ըլլաս,— ըսավ ան և ավելցուց, կարծես Բարպայեն գաղտնի․— կըսես մոբարիդ, որ քեզ Շթայնի մագազինը տանի, վայելուչ զգեստ և գլխարկ առնե․․․ Ճիշտ է, որ,— ըսավ ան Բարպային դառնալով,— դպրոցի աշակերտները համազգեստ ունին, բայց կիրակի և տոն օրերուն համար և, վերջապես, ընդհանրապես․․․
Բարպան՝ քիչ մը նեղված, լուռ համաձայնեցավ։
Միհրանի ուրախության չափը չի կար․ թեև հագուստին և ֆեսին համար եղած դիտողությունը սիրտը նեղեց, բայց անիկա ներքնապես համաձայն էր Զարեհ էֆենդիին հետ և արդեն դեռ շոգենավին վրա զգացեր էր իր հագուստ-կապուստին ծիծաղելիությունը։
Այդ միջոցին սպասուհին եկավ, ափսեով բերելով սուրճերը և սիկարեթները, երբ անիկա սեղանին վրա կզետեղեր բերածը, Զարեհ էֆենդին հարցուց անոր.
— Ինչպե՞ս է այս առավոտ տիկինը։
— Աղեկ է,— ըսավ սպասուհին քմծիծաղով։
— Ուրեմն կըսես իմ կողմես տիկինին, որ այսօր ճաշի հյուրեր ունինք։ Վահեվանյան էֆենդին պիտի, գա, հա՜, աղեկ միտքս ինկավ․ լուր ղրկեցեք Գալուստ աղային, թող ճաշի հրամե, մեր գործեն է,– ըսավ ան՝ Բարպային