Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դառնալով, Ֆընդըգլը արհեստանոց ուներ․ հիմակ գործե քաշված է, ժամանակին շատ դրամ վաստակած է, շատ փորձառու մարդ է, շատ-շատ բան գիտե։

Բարպան ըսավ, թե ինքը ճաշի չի կրնար մնալ։

— Գալը ձեր ձեռքն էր,— ըսավ Զարեհ էֆենդին,— երթալը ձեր ձեռքը չէ․․․

Բարպան գլուխը շարժեց մերժողաբար։

Բայց Զարեհ էֆենդին, առանց ուշադրություն ընելու, կրկին դարձավ սպասուհիին։

— Նիկոլան կարմրախայտերը բերա՞վ,— հարցուց անիկա։

— Այո՛,— ըսավ սպասուհին և պարապ ափսեն վերցնելով գնաց։

Բարպան անգամ մըն ալ ըսավ, թե գործի համար եկած է, կուզե խոսիլ և մեկնիլ։

Զարեհ էֆենդին ժամացույցը հանեց և նայելով ըսավ.

– Արդեն հիմակ շոգենավ չի կա քաղաք վերադարձող։ Դուք կղզիին մեջ գերի բռնված եք։ Առաջին շոգենավը կմեկնի կեսօրե ետքը, եվրոպական ժամը 4-ին։

Բարպան այդ չէր նախատեսած։

— Ես չոճուխին հետ լոգանթա կերթամ,— ըսավ ան սրտնեղած,— գործս վերջացնեմ, երթանք, ես չի մտածեցի շոգենավ ըլլալու մասին։

– Է՜հ, դուն ալ կկարծես, որ ինձ եկած հյուրին կթողում, որ ճաշարան երթա՞,— ըսավ Զարեհ էֆենդին՝ վշտացած երևույթ առնելով․․․— Ի՞նչ կա, Խաչի՛կ, կարծես թե ինձ դեմ բան մը ունիս․․․ տասը տարիեն ավելի է միասին կաշխատինք, օր մը օրանց պատիվ չես ըրեր ինձ սեղանակից ըլալու. այսօր աղեկ առիթ է․․․ Միասին ի՞նչ օրեր ենք անցուցեր. ես միշտ կըսեմ, որ եթե Խաչիկի նման օգնական մը չունենայի, թերևս ընկղմեի. ես քու հարգդ գիտեմ, Խաչի՛կ, նպատակ մը ունիմ, անոր ալ հասնիմ, ալ փրկություն է ինձ համար. այն ատեն ա՛լ դուն աչքս նայե։

Բարպան հանգիստ չէր․ անիկա կզգար, որ բռնված էր բարդ թակարդի մը մեջ, և ինչ որ կըներ դուրս գալու համար, ավելի կբռնվեր։