Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տղան զրկելով այդ հաճույքեն, որպեսզի խնայեր քսան փարանոց տոմսակներու գինը։ Բայց փոխարենը անիկա թույլ կուտար Միհրանին, որ կանգ առնե ամեն մեկ խանութի ցուցափեղկին առաջ և անհագ հետաքրքրությամբ դիտե ամեն ինչ, նույնիսկ իրեն համար բոլորովին անպետք բաներ, ինչպես կանացի գլխարկներ, դագաղներ, փետուրներ և այլն։ Միհրանին և մորը վարանող քայլվածքը և հաճախակի կանգ առնելը տեսնելով, խանութներեն դուրս կուգային շատախոս երիտասարդներ և պատանիներ և ոչ միայն գովքը կընեին իրենց ապրանքներուն, այլև երբեմն անոնց թևերեն կբռնեին և կուզեին բռնի խանութ մտցնել։

— Մենք գնող չենք,— կըսեր մայրը հեզ ձայնով և կարծես ներողություն խնդրելով,— հոգ չէ, հոգ չէ,— կգոռային զանազան ուղղությամբ քաշքշող գործակատարները,— հոգ չէ, միայն թե մտեք, մեյ մը ապրանքը տեսեք․․․

Այդ դժվար դրությունեն դուրս կուգային, երբ դիմացի սալահատակի վաճառողները կանցնեին իրենց կողմը և կուզեին իրենց խանութները տանել մայր ու տղան. այն ատեն կռիվ հառաջ կուգար աջ ու ձախ մայթերու գործակատարներու մեջ։ Մայրը օգուտ կքաղեր այդ հանգամանքեն և տղուն ձեռքեն բռնելով կհառաջանար, կռվի կեսեն դուրս կուգար։

— Քալե Միհրա՛ն, քալե անցնինք երթանք․․․ Օձիքնիս ազատենք։

Բայց ավելի հաճախ կպատահեր, որ հրավիրողը հանկարծ լքեր զիրենք, գնելու ավելի հավանականություն ներկայացնող անցորդի մը կառչելով։ Երկու պարագային ալ Միհրանի մայրը չարաճճի արտահայտություն մը կստանար, աչքերը կկայծկլտային և շրթները կծաղկեին ժպիտով, և այդ պահերուն պատանին կզգար, որ իր ընդհանրապես տխուր մայրը ընդունակ էր զվարթանալու, գեղեցկանալու, բայց ան կանխահաս կերպով խամրեր էր, ընկճված առօրյա հոգերեն և լախտի հարվածներու պես գլխուն իջած դժբախտություններեն։

Երբ Բերա կհասնեին, Միհրանը կզգար, որ իսկապես եկան Եվրոպա։ Շիտակ ճամփուն վրա զմայլած կդիտեր