Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եվրոպական վաճառատուներուն ցուցափեղկերը, որոնց շողշողուն ապրանքներու վրա գիները նշանակված էին։ Ոչ ոք կհետաքրքրվեր անցորդներով, և երբ վաճառատան մը կիսաբաց դռնեն ներս կմխրճեր իր նայվածքը և կտեսներ հաճախորդները և վաճառողները սիրալիր խոսակցության մեջ, սիրտը կլեցվեր հուզմունքով և անորոշ ցանկություններով։

Բայց այս բոլորեն ավելի պատանին կսիրեր այն ընդարձակ արհեստանոցը, ուր մորեղբայրը կաշխատեր։ Ինչ հսկայական տարբերություն ուստա Հայրապետի Գարաճա Ահմեդի դարբնոցին հետ, ուր երբեմն անիկա կերթար հայրը տեսնելու և մորը կողմե հանձնարարություն մը ընելու։ Այնտեղ, կայծակնահար եղած հաստ ծառի մը բունին քով, ձիերը կպայտեին և հազիվ ծածկված փոքրիկ կրպակի մը մեջ, սալին վրա երկաթ կծեծեին՝ գյուղացիներու գործիքները կամ սայլերու անիվներու երկաթ մասերը նորոգելու համար։ Իսկ այստեղ, ճիզվիտի արհեստանոցը — այսպես կկոչեին մորեղբորը գործատերը, Զարեհ էֆենդին — ընդարձակ հալլ մըն էր, ուր չորս-հինգ հնոցներ կային։ Մուրճերու խլացուցիչ աղմուկին, հսկա փքոցներու հևքերուն և ասդին-անդին ընկնող երկաթե կտորներու հնչուն աղմուկին մեջ թևերնին սոթտած, դեմքերնին մուրոտած բազմաթիվ երկաթագործ բանվորներ կաշխատեին անընդհատ, և մորեղբայրը այդ բոլորի վարիչն էր, ավագ բանվորը։

Արհեստանոցին մեջտեղը, ընդհանրապես, կեցած կըլլային մեկ կամ երկու, նորոգության համար բերված, մասնավորներու շքեղ կառքեր։ Երբ մորեղբայրը լավ տրամադրված էր, կընդհատեր աշխատանքը, Միհրանին ցույց կուտար կառքեր, կանվաներ անոնց տերերը և երբեմն ալ թույլ կուտար, որ ելլեր նստեր փափուկ նստարանին վրա։

Ընդհանրապես, Միհրանին հայրը կամ մայրը մորեղբորը հետ խոսակցելե հետո առանձին կվերադառնային տուն։ Մորեղբայրը միշտ ոսկի մը կամ քանի մը մեջիդիե կուտար ծնողքին, ինչ որ գտնվեր գրպանը այդ րոպեին, «ճամփու ծախքի համար» ըսելով, իսկ Միհրանը կմնար։ Արհեստանոցի ետևը տարածվող ընդարձակ և հին գերեզմանատունը,